Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբան․ Արամ Մանուկյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում


Բժիշկները «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկայացնում են վիրավորների հետ կապված իրավիճակը, 27-ը հուլիսի, 2016թ․

Բժիշկները «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկայացնում են վիրավորների հետ կապված իրավիճակը, 27-ը հուլիսի, 2016թ․

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիճակը, փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, շարունակում է մնալ ծանր:

Պավել Մանուկյանի որդին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այստեղ տեղափոխվեց այն բանից հետո, երբ դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասին:

Փաստաբանի խոսքով, Արամը դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում և անմխիթար վիճակում է գտնվում:

«Ամբողջ այդ սենյակը գտնվում էր խոնավության մեջ, պատերը բորբոսնած էին․․․ ինձ թվում է ճիշտ չէր նրա տեղափոխումը այս փուլում, որովհետև վիրահատությունից նույնիսկ 24 ժամ չէր անցել, հետվիրահատական սննդի պահպանման ռեժիմ անգամ չկա՝ ուղղակի սև, չէր հաց, մեծ կտորով պանիր և կարագ էր դրված նրա կողքը, որից նա նույնիսկ օգտվելու հնարավորություն, ըստ էության, չուներ», - ասում է փաստաբանը:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշում է, որ պատրաստվում է Արամ Մանուկյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Առաջիկայում կքննվի նաև Պավել Մանուկյանին կալանավորելու հարցը, որից հետո հնարավոր է, որ նա նույնպես այստեղ տեղափոխվի:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Պավել Մանուկյանի վիճակը բարելավվել է, բժիշկներն անջատել են արհեստական շնչառության սարքը։ Բուժհիմնարկի գործադիր տնօրենի խոսքով՝դատարանի որոշման դեպքում Մանուկյանի վիճակը թույլ է տալիս նրան «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխել։

«Վիճակը կայուն է Պավել Մանուկյանի, զգալի դրական դինամիկա կա, ինքը գիտակցության մեջ է, առայժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - նշեց Մանուկյանը:

Չնայած Պավել Մանուկյանին ձերբակալելու որոշում դեռ չի կայացվել, նրա կինը՝ Մարինե Մանուկյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն երկրորդ օրն է՝ չի կարողանում ամուսնուն ու որդուն տեսակցել։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների շրջափակման մեջ գտնվող ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվել:

XS
SM
MD
LG