Մատչելիության հղումներ

«Ե՞րբ է այս ամենն ավարտվելու», ավելի հաճախ են հարց տալիս ռուսական հեռուստաընկերությունները


Հազարավոր մարդիկ բողոքի երթ են իրականացնում, ի պաշտպանություն Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալների, 27-ը հուլիսի, 2016 թ․
Հազարավոր մարդիկ բողոքի երթ են իրականացնում, ի պաշտպանություն Երևանի ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալների, 27-ը հուլիսի, 2016 թ․

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն արձագանքել են երևանյան իրադարձություններին:

Երևանյան իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Արձագանքներն առավել ակտիվացան հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները նախօրեին հայտարարեցին, որ զինված խմբի անդամները բժիշկների են պատանդառել:

Ռուսական դաշնային հեռուստաընկերությունների ռեպորտաժներում ավելի հաճախ է հնչում «ե՞րբ է այս ամենն ավարտվելու» հարցը: «Վեստի»-ի լրագրողը երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող ռեպորտաժում նշեց՝ այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ ՊՊԾ գնդի տարածքը գրավածները չեն վստահում իշխանություններին, իսկ վերջիններս էլ չեն կատարել բանակցությունների ժամանակ տված խոստումները: Ուստի՝ դժվար է ակնակալել, որ այս ճգնաժամային իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա:

Չչնայած Երևանում վերջին օրերին տեղի ունեցող բազմահազարանոց բողոքի երթերին, Ռուսաստանցի վերլուծաբան Անդրեյ Եպիֆանցևն իր վերլուծական հոդվածում համոզմունք է հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանն այն առաջնորդը չէ, ում ետևից կգնա հասարակությունը, հետևաբար, ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցող բողոքի գործողությունները դատապարտված են ձախողման։

Այսօր ծավալուն հոդված է հրապարակել ռուսաստանյան «Նեզավիսեմայա գազետա» թերթը, որը հաճախ է անդրադարնում հետխորհրդային տարածքում տեղի ունեցող իրադարձություններին։ ՆԳ-ն, մասնավորապես, նկատում է՝ Սերժ Սարգսյանին հաջողվել է պահպանել իշխանությունը, և այս ճգնաժամի հանգուցալուծումն արդեն հեռու չէ: Հեղինակը «Ո՞ր կողմ է ուղղված երևանյան կողմնացույցը» վերնագրի ներքո գրում է, թե Սարգսյանն «արմատականներին» զիջելու իրավունք կունենար միայն մի դեպքում՝ եթե «Սասնա Ծռեր»-ը համազգային աջակցություն ստանային։

Այդ հրապարակումից տպավորություն է ստեղծվում, թե հոդվածագիրը գիտի՝ ինչ հանգուցալուծում է ունենալու ՊՊԾ գնդի տարածքում ծավալվող դրաման։ «Հակառակ դեպքում կստեղծվեր նախադեպ, որը կործանիչ կլիներ թե՛ Հայաստանի պետականության, թե՛ ընդհանրապես տարածաշրջանի համար»,- մասնավորապես գրում է ՆԳ-ն ու, այդուհանդերձ, ընդգծում՝ «Պարզ աքսիոմա է ՝ եթե երկրում նորմալ իրավիճակ լիներ, արմատականները դժվար թե նման քայլի գնային»:

Հեղինակն, իբրև կատարվածի պատճառ, մատնանշում է հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքականությանն ու ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող: ՆԳ-ի հրապարակումն ամփոփում է՝ «Այսօրվա ճգնաժամը պահանջում է, որ Հայաստանը կողմնորաշվի ու հրաժարվի անկախացումից ի վեր որդեգրած՝ կոմլեմենտար քաղաքականությունից»:

Իսրայելական ռուսալեզու «Ռուսպոլիտ․ռու» պարբերականն էլ «Սերժ Սարգսյանը չի շտապում Դոնի Ռոստով» վերանագրով հոդված է հրապարակել, որում նմանություններ է մատնանշում Մայդանի ու երևանյան իրադարձությունների միջև, այդ նմանությունները դիտարկելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի ճակատագրերի համեմատության մեջ: Երևանյան իրադարձությունները չեն անտեսել նաև արևմտյան ու հատկապես՝ կանադական լրատվամիջոցները, որոնք, մասնավորապես, կենտրոնացել են կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի հետ կապված երեկվա միջադեպին: Հիշեցնենք՝ երեկ Խորենացի փողոցից ոստիկանները բերման ենթարկեցին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ով աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է։ Թեմային անդրադարձել են կանադական թերթերը, ICI Radio-Canadan-ը, կանադական հեռուստաընկերությունները:

Մասնավորապես, CTV news-ը Արսինե Խանջյանի մասին լուրն այսպես է մատուցել՝ «Կանադացի դերասանուհին բերման է ենթարկվել Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ քաոսային իրավիճակ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG