Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին հինգ մարդ է ձերբակալվել


Հրանտ Դինք, 2006թ․

Հրանտ Դինք, 2006թ․

Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին հինգ մարդ է ձերբակալվել, մի մասը՝ Ստամբուլում, որտեղ 2007 թվականին սպանվել է «Ակոս» թերթի խմբագրապետը, մի քանիսն էլ՝ Տրապիզոնում, որը Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հայրենի քաղաքն է։

Թուրքական Daily Sabah թերթի փոխանցմամբ, ձերբակալվածներից չորսը բարձրաստիճան ոստիկաններ են, այդ թվում՝ ժանդարմերիայի մեկ փոխգնդապետ և մեկ ենթասպա։

Հրանտ Դինքի սպանությունից ինը տարի անց, հիշեցնենք, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպան Օգյուն Սամասթը հայտնաբերվել և դատապարտվել է, իսկ ոստիկանության, քրեական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների, գործակալների՝ սպանությանը առնչություն ունենալու կամ այն չկանխելու, ծառայողական անփութություն դրսևորելու գործերով հարցերը վերաբացվել են, այդ դրվագներով մեղադրանքների քննությունը շարունակվում է։

Դինքի ընտանիքն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել հանցավոր խմբավորման կողմից։ Նրանք պահանջում են հայտնաբերել և պատժել հանցագործության իրական մեղավորներին։

Ռեջեփ Էրդողանի վարչակազմն, իր հերթին, բազմիցս պնդել է, որ Դինքի սպանության հետաքննության ընթացքը ձգձգվել է, կոծկվել է, ինչպես իրենք են նշում՝ «զուգահեռ պետության» ներկայացուցիչների պատճառով։

Թուրքիայում, հիշեցնենք, «զուգահեռ պետություն» են անվանում ուժային կառույցների ներկայացուցիչներից կազմված այն գաղտնի խմբավորումներին, որոնք, ըստ իշխող վարչախմբի, հովանավորվում են իսլամական հայտնի գործիչ, Էրդողանի նախկին դաշնակից ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ի ռազմական չհաջողված հեղաշրջումը կազմակերպելու մեջ։

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են նաև, որ Դինքի սպանության գործով այս պահին անցնում են մոտ երեք տասնյակ ոստիկաններ, ովքեր կասկածվում են Գյուլենի ղեկավարած շարժմանն առնչություններ ունենալու մեջ։

XS
SM
MD
LG