Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել


Հուլիսի 27-ի երթը Երևանի կենտրոնական փողոցներում

Հուլիսի 27-ի երթը Երևանի կենտրոնական փողոցներում

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, կեսգիշերից հետո այնտեղ մեկ-երկու ցուցարար է մնացել։

Վերջին տեղեկությունների համաձայն, Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը դեռ շարունակում է մնալ «Սասնա ծռեր» խմբավորման վերահսկողության տակ, երեք բուժաշխատողները դեռ այնտեղ են։ Երեկ, հիշեցնենք, զինված խումբը թույլ չէր տվել ՊՊԾ գնդի տարածքից հեռանալ շտապօգնության մեքենայով այնտեղ ժամանած չորս բուժաշխատողներին, երեկոյան նրանցից մեկին ազատ արձակեց։

Ոստիկանությունը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ թույլ չի տալու հավաք անցկացնել Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը այդ տարածքից բերման էր ենթարկում հարյուրավոր քաղաքացիների։

Ցուցարարները նախ հավաքվեցին Ազատության հրապարակում, ապա երթով շարժվեցին Խորենացի փողոց։ Նրանք պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձևավորում, իրենց բնորոշմամբ՝ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց, ինչպես նաև բերման ենթարկված ցուցարարների ազատ արձակում։ Ցուցարարները նախ մեկ ժամ, ապա 45 րոպե ժամանակ տվեցին իշխանություններին։

Վերջնաժամկետի ավարտին ոստիկանության գնդապետներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ օրվա ընթացքում բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել, բացառությամբ մի քանիսի, ովքեր դեռ հարցաքննվում են։ Հարցաքննությունից հետո, ըստ Ոստիկանության, ովքեր քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չեն անցնի՝ ազատ կարձակվեն։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը փորձեց բարձրախոսով կոչեր հնչեցնել, սակայն նրա ձեռքից փորձեցին խլել բարձրախոսը, տեղի ունեցավ քաշքշուկ, այնուհետև մի խումբ քաղաքացիներ հայտարարեցին, որ Խորենացի փողոցում այլևս մնալ պետք չէ, կոչ արեցին համախմբված հեռանալ տարածքից և պայմանավորվեցին այսօր երեկոյան կրկին հավաքվել այնտեղ։

Նշենք, որ երբ երթը հասավ Խորենացի փողոց, այդ ժամանակ ՊՊԾ գնդի տարածքից լսվեցին կրակոցներ։ Ոստիկանության տեսանկարահանող թռչող սարքն էր պտտվում ՊՊԾ գնդի տարածքի վրայով։

XS
SM
MD
LG