Մատչելիության հղումներ

Աշոտ Պետրոսյանի պաշտպանի պնդմամբ, նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել


Արտապատկերում ոստիկանության տարածած տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են զինված խմբի անդամները տեղափոխվում հիվանդանոց

Արտապատկերում ոստիկանության տարածած տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են զինված խմբի անդամները տեղափոխվում հիվանդանոց

Շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեղադրանքով երեկ երեկոյան երկու ամսով կալանավորված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը մեղքը չի ընդունում:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, հուլիսի 26-ի լույս հուլիսի 27-ի գիշերը Աշոտ Պետրոսյանը զինված խմբի մեկ այլ անդամի՝ Հովհաննես Հարությունյանի հետ դուրս է եկել գնդի տարածքից և փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։

Այսօր արդեն դատապարտյալների հիվանդանոց տեղափոխված Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյաննն ասում է, որ ԱԱԾ-ն իրենցից թաքուն դատ է անցկացրել և նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրել: Որոշումը քիչ առաջ ստացած Պապիկյանը բողոքում էր նախաքննական մարմնի գործողություններից։

«Նա իրավունք ունի դա ստանալու, բայց չի ստացել: Ես քիչ առաջ ստացա որոշումը ու նրա հետ կքննարկենք, դա կոպիտ խախտում է, երբ պատշաճ ձևով չի ստացել կալանքի մասին որոշումը», - ասում է փաստաբանը:

Ոստիկանության երեկվա հաղորդագրությունում ասվում է, որ զինված խմբի մեքենան ընդհուպ մոտեցել է ոստիկանական շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Արայիկ Պապիկյանը, վկայակոչելով նախաքննական մարմնի որոշումը, նշում է, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրում են այն բանի համար, որ նա ընկերոջ հետ մեծ արագությամբ մոտեցել է ոստիկանական շղթային։ Քննիչը դա հակաօրինական է համարել։

«Ես այնտեղ որևէ հակաօրինական գործողություն չեմ տեսնում: Ոստիկանական պատնեշը ճեղքելու քայլ չի կատարվել, տեսանյութում երևում է, որ մոտեցել են, փորձել շրջադարձ կատարել, որի ժամանակ ոստիկանները կրակել են իրենց ուղղությամբ։ Նախաքննական մարմինը դա համարել է հակաօրինական գործողություն», - ասում է Պապիկյանը:

Զինված խմբի անդամի պաշտպանները նաև ահազանգում են, որ թե՛ Ոստիկանությունը, և թե՛ Ազգային անվտանգությունը խախտել են անմեղության կանխավարկածը՝ գնահատականներ հնչեցնելով նրանց գործողությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տարածել էր խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը։ Կասկածներ ունենք, որ այն մոնտաժված է, ասում է Արայիկ Պապիկյանը․ - «Խախտված է անմեղության կանխավարկածը, նրա գործողությունները որակումներ ստացան, որը կարող է անել դատարանը դատական վերջնական ակտով։ Անգամ ԱԱԾ հայտարարությունում չնշվեց, որ անմեղության կանխավարկածը պահպանվում է, այս ամենն անում էին պաշտպանյալիս հնարավորինս վարկաբեկելու համար»:

Զինված խմբի և ոստիկանության փոխհրաձգության հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինված խմբի անդամների փաստաբաններին երեկ Ազգային անվտանգության ծառայությունը թույլ չէր տալիս նրանց տեսակցել այն դեպքում, երբ հանրային պաշտպանին թույլ էին տվել։ Պապիկյանն ասում է, որ իր պաշտպանյալներն ու հարազատներն անգամ տեղյակ չէին հանրային պաշտպանի մասին, ինչը ևս նրանց իրավունքների խախտում է։

«Վարույթն իրականացնող մարմինը այնպիսի վիճակ էր ստեղծում, որ մենք չներգրավվենք, հետո իմացանք, որ հանրային պաշտպան են ներգրավել։ Սա հատուկ է արել նախաքննական մարմինը», - ասում է նա:

Աշոտ Պետրոսյանի որդին՝ Գարուշ Պետրոսյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայրը գեղանկարիչ է և երբևէ քաղաքականության մեջ չի եղել։

«Մեզ ո՛չ դրանով կարող են վախեցնել, ո՛չ զենքով, ո՛չ ազատազրկմամբ: Մենք մաքուր հայ ենք ու մինչև վերջ էլ պայքարելու ենք։ Այսօր իմ հայրը զենքով է պայքարում, ես վաղը պայքարելու եմ ուրիշ ձևով՝ կգնամ օրինական քայլերի, կփորձեմ Հայաստանին օգնել իմ ուժերով», - հայտարարեց նա:

XS
SM
MD
LG