Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պահանջում է հավաքը Խորենացից փողոցից տեղափոխել մեկ այլ վայր


Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, որում, փաստելով, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ, պահանջում է հավաքը տեղափոխել այլ վայր:

«ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետևանքով տուժել են շուրջ հինգ տասնյակ անձինք», - մասնավորապես, նշվում է հաղորդագրությունում: - «Բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող հանցավոր գործողություններ»:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: - «Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը», - նաև ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG