Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ «Չի կարելի այսքան արհամահրել մարդկանց»


Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ

Քաղաքական մեկնաբանի կարծիքով էլ, տրամաբանական է այն, որ հասարակության մի զգալի հատված աջակցում է «Սասնա ծռերին», քանի որ իշխանությունն ինքն է մշտապես «ծայրահեղ միջոցներով հարաբերվել հանրության հետ»:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը փակուղային է, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Եթե մինչ այժմ խոսվում էր իշխանությունների հետ ինչ-որ բանակցությունների մասին, անգամ միջնորդներ էին նշանակվում, ապա վերջին օրերի իրադարձությունները, ըստ մեկնաբանի, գրեթե անհնար է դարձնում բանակցային հանգուցալուծումը:

Փոխզիջումների տրամադրվածություն կողմերը չունեն, հասարակության էմոցիոնալ արձագանքն էլ ավելի է խորացնում անջրպետը, և չարյաց փոքրագույնն է մնում արյունահեղությունը բացառելը: Սակայն, ինչ հանգուցալուծում էլ լինի, հանրության շահին այն որևէ կերպ չի առնչվի, կարծում է Հակոբ Բադալյանը: Ըստ նրա, հասարակությունը չկարողացավ այս իրավիճակում գործոն դառնալ, հանրային հստակ պահանջներ չձևավորվեցին և գործընթացը քաղաքական բովանդակություն չստացավ:

«Քաղաքական շարժառիթներով մեկնաբանված էդ նախաձեռնությունը, գործունեությունն այդպես էլ քաղաքական բովանդակություն չստացավ: Այդ բովանդակությունը բացակայեց նաև Խորենացի փողոցում ձևավորված առերևույթ քաղաքական պրոցեսում: Այնտեղ արդեն առաջացան շահերի տարբեր խմբեր, կուսակցական շահերի բախում, առաջացավ վակուում, ինչն էլ ավելի հասունացրեց իշխանության կողմից արդեն ուժային մեթոդով հարցերը լուծելու հավանականությունը»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Իրավիճակի հանգուցալուծումից հետո դժվար թե քաղաքական լուրջ փոփոխություններ լինեն, փոխարենը, ըստ մեկնաբանի, ավելի կխորանա հիասթափությունը: «Հիասթափությունը կարող է դրսևորվել թե՛ արտագաղթի տեսքով, թե՛ ընդհանրապես քաղաքական գործընթացներից հիասթափվելու տեսքով․․․»: Բադալյանը տրամաբանական է համարում այն, որ հանրության մի մեծ հատված համակրում է զենքով հարց լուծելու կողմնակից խմբին: « Դա է իշխող համակարգի բնույթը և տրամաբանությունը․․․էդ համակարգն ինքն է ծայրահեղ միջոցներով հարաբերվել հասարակության հետ, և էստեղ հասարակության արձագանքն ինքնաբերաբար ստացվում է նույն կերպ»,- շարունակում է մեկնաբանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս կարծում է, որ այժմ իրականություն է դառնում այն, ինչի մասին տարիներ շարունակ զգուշացրել են՝ «Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ձեռքում եղած մահակն այսօր դարձել է ավտոմատ, վաղը կարող է շատ ավելի ծանր զինատեսակ դառնալ: Իշխանությունները պետք է հասկանան կամ զուտ մարդկային բնազդը նրանց պետք է հուշի, որ առաջին զոհերից մեկն իրենք են լինելու: Չի կարելի այսքան չսիրել այս երկիրը, չի կարելի այսքան չսիրել այս ժողովրդին և չի կարելի այսքան արհամարել մարդկանց»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը:

Իշխանությունների և ոստիկանության կոշտ արձագանքն ու պահվածքը իրավապաշտպանի համար նորություն չեն․ ինչպես նախկինում, այս անգամ էլ իրավիճակին արձագանքը կլինի բռնությունն ու պատիժը, ինչը, ըստ Վարդան Հարությունյանի, հետագայում կարող է հանգեցնել հանրության շրջանում նոր ընդվզումների՝ «Կարծում եմ, որ նրանք [իշխանությունները] գնալու են պատժելու ճանապարհով, գնալու են քաղբանտարկյալներին բանտերում պահելու ճանապարհով, որովհետև դա է իրենց աշխարհը, դա է իրենց պատկերացումը երկրի կառավարման մասին»:

Իրավապաշտպանն անընդունելի է համարում «Սասնա Ծռեր» խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը: Ըստ նրա, խաղաղ հանգուցալուծման համար իրենց գործողությունները պետք է փոխեն թե իշխանությունները, թե ՊՊԾ գնդի տարածքը գրաված խումբը:

XS
SM
MD
LG