Մատչելիության հղումներ

logo-print

Առողջապահության նախարարը փորձել է այցելել «Սասնա ծռեր»-ի անդամներին


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փորձել է այցելել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին։

«Առողջապահության նախարարը գնացել և փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, եղել է տարածքում, բայց իրավապահները նպատակահարմար չեն գտնել այդ պահին, որ ինքը [Արմեն Մուրադյանը] ինչ-որ քայլեր ձեռնարկի», - ասաց Հայթայանը։

Նա նշեց, որ նախարարն առաջին հերթին մտահոգված է այնտեղ գտնվող վիրավորների առողջական վիճակով։ «Մենք անընդհատ ահազանգել ենք այդ մասին, որ այնտեղ կան վիրավորներ, որոնց ժամանակին օգնություն չցուցաբերելը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք չէին թողնում, կամ էդ մարդը չէր ցանկանում հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալ։ Նախարարը մտահոգ է նաև պատանդ վերցված բուժաշխատողների վիճակով։ Նա ցանկացել է մտնել, տեղում ծանոթանալ և ինչ-որ քայլերի դիմել, բանակցել», - ասաց մամուլի խոսնակը։

Հայթայանը նաև նշեց, որ իրենք կապի մեջ են ՊՊԾ գնդում գտնվող բժիշկների հետ։ «Մենք խոսել են նրանց հետ և գիտենք, որ նույնիսկ այդ վիճակում, իրենք իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են՝ վիրավորներին ցուցաբերում են հնարավոր բժշկական օգնություն», - ասաց առողջապահության նախարարի խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ իրենք բժիշկներին պատանդ չեն վերցրել։ Նա նշել էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն ուղղակի պահանջում են, որ լինի բժշկական բրիգադի հերթափոխ։ «Ուժով այնտեղ բժիշկ պահելու խնդիր չկա, իրենք պահանջում են, որ փոխարինող բրիգադը գա և այնտեղ գտնվող բրիգադը դուրս գա, իրար հերթափոխեն», - հայտարարել էր Ենիգոմշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG