Մատչելիության հղումներ

«Համաձայն ՊԵԿ-ի որդեգրած հիմնական սկզբունքի, շեշտը դրվել է խոշոր բիզնեսից մուտքերի ապահովման վրա»:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը: «ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ` կոմիտեի վերակազմավորումից սկսած մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է հաղթահարել տարիների ընթացքում կուտակված մի քանի գործոնների բացասական ազդեցությունը եկամուտների ապահովման վրա»,- հաղորդում է ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Արդյունքում փաստացի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ: Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11.0 մլրդ դրամ կամ 2.2 տոկոս»: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին հարկային եկամուտների 3.0 մլրդ դրամով նվազումը լրացվել է մարտ-հունիս ամիսներին` հարկային եկամուտների աճով, ինչը կազմել է 14.0 մլրդ դրամ:

Ըստ Արմեն Ալավերդյանի, ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի համար հաստատված համամասնություններով սահմանված 519.7 մլրդ դրամի դիմաց ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարողականը կազմել է 98 տոկոս կամ թերակատարումը կազմել է 8.4 մլրդ դրամ. «Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ բարելավվել է, քանի որ 2015 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 96 տոկոս կամ թերակատարումը կազմել է 23.3 մլրդ դրամ»:

Հարկ է նշել, որ 2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76.8 տոկոսը ապահովել են հարկային մարմինները, իսկ 23.2 տոկոսը` մաքսային մարմինները, որոնց կողմից վերահսկվող եկամուտները նվազել են 22.3 մլրդ դրամով կամ 15.9 տոկոսով, ինչը պայմանավորված է օբյեկտիվ մի քանի գործոններով: Մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, որտեղ էական մաս է կազմում ներմուծվող ավտոմեքենաներից գանձվող մաքսային վճարների նվազումը` պայմանավորված ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով:

Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4.5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3.3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք:

Ըստ Արմեն Ալավերդյանի, թվարկված բացասական գործոններով պայմանավորված, եթե 22.3 մլրդ դրամ եկամուտների նվազումից հանենք բացասական մեծություններն, ապա կստացվի, որ 2016-ի առաջին կիսամյակում մաքսային վարչարարության հաշվին գերակատարվել է ցուցանիշը` պետական բյուջե ավել է վճարվել 8.0 մլրդ դրամ: 2016 և 2015 թվականների առաջին կիսամյակների համեմատականը ցույց է տալիս, որ հարկային մարմինների կողմից ավել է ապահովվել 33.2 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 9.2 տոկոս:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի դիտարկմամբ, չնայած արձանագրված աճին, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային մարմինների կողմից եկամուտների ապահովման վրա էական ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ. 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10.0 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30.0 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում:

Համաձայն ՊԵԿ-ի որդեգրած հիմնական սկզբունքի, շեշտը դրվել է խոշոր բիզնեսից մուտքերի ապահովման վրա. «Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ»: Փոխարենն, ըստ Արմեն Ալավերդյանի, մեղմ վարչարարություն է իրականացվել ՓՄՁ նկատմամբ: Խնդիր է դրվել, ոլորտային առանձնահատկություններից ելնելով, տնտեսվարող սուբյեկտների իրական շրջանառությունների, հաշվարկային հարկերի մասին ծանուցել, բացատրել, հետո նոր միայն իրականացնել հսկողություն:

Կատարվել է հարկային հսկողական գործիքների վերաիմաստավորում և կանոնակարգում, ինչի արդյունքում ապահովվել է ստուգումների արդյունավետության կտրուկ աճ, նպատակային ստուգումների իրականացում, հսկողության ամբողջական թիրախավորում: ՊԵԿ-ի վերակազմավորումից հետո ստուգումներն իրականացվել են ընդամենը շուրջ 3000 ՓՄՁ մոտ, 2015-ի 6 ամսվա համեմատ 2016-ի առաջին կիսամյակում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի գումարն ավելացել է 1.7 մլրդ դրամով:

«2-րդ եռամսյակում խիստ կլինենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն արձագանքի ծանուցումներին. նրանց նկատմամբ կկիրառվեն արդեն հսկողական գործիքներ»,-շեշտել է Արմեն Ալավերդյանը: Թիրախային հսկողության արդյունքում էապես նվազել է նաև ստուգումների թիվը. «Միջին հաշվով 30 տոկոսով պակաս հսկողական աշխատանքներ են իրականացվել, էականորեն նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը. 2015-ին շուրջ 1100 ՕՀՄ-ի համեմատ, 2016-ին իրականացվել է ընդամենը 900 օպերատիվ-հետախուզական միջոցառում:

Երկրի ներսում ուժեղացվել է հարկային հսկողությունը ԵԱՏՄ ներմուծումների նկատմամբ: Այսպիսով, իրականացված արդյունավետ վարչարարության արդյունքում ոչ միայն հաջողվել է չեզոքացնել բացասական գործոնների ազդեցությունը, այլև նախորդ տարվա համեմատ ապահովել հարկային եկամուտների աճ»,- նշված է ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG