Մատչելիության հղումներ

Ուորլիք․ Նախագահները համաձայնության են եկել ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցով


Ջեյմս Ուորլիք, արխիվ
Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցով:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն աշխատում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ՝ լարվածության թուլացման և հակամարտության խաղաղ լուծման համար բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման նպատակով: Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման խմբի ընդլայնման հարցով», - ասել է Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հայտնել է նաև, որ ծրագրվում է հակամարտության կարգավորման ընդարձակ բանակցությունների շարունակում՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ: «Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացը անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության թուլացման համար», - հայտարարել է Ուորլիքը:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ ե՞րբ է ձեռք բերվել համաձայնությունը և ի՞նչ դետալներ է այն պարունակում, Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց․ - «Այս պահին չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, հետևեք պաշտոնական լրահոսին»:

«Ազատության» նույն հարցին արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը արձագանքեց․ - «Ինչպես գիտեք, Հայաստանի ու Ադրբեջանի՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքում հրապարակվել են հայտարարություններ, որտեղ հստակ ամրագրված են, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման ու կարողությունների ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ: Մի քանի անգամ Բաքուն արգելափակել է այդ որոշման կայացումը ԵԱՀԿ-ում: Նոր որոշում դեռևս չկա: ԵԱՀԿ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում դեռ որոշում կայացված չէ՝ անձնական ներկայացուցչի թիմի ավելացման համար գումարներ հատկացնելու մասին»:

Բալայանը հավելեց՝ ԵԱՀԿ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում որոշման ընդունման դեպքում այդ մասին հայտնի կդառնա պաշտոնապես:

Արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեցրեց՝ ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, և բոլոր անդամ երկրները պետք է դրական արտահայտվեն որևէ որոշման ընդունման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG