Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ի բախումների գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել


Հուլիսի 20-ի բախումները Երևանի Խորենացի փողոցում

Հուլիսի 20-ի բախումները Երևանի Խորենացի փողոցում

Խորենացի փողոցում ոստիկանության և ակտիվիստների միջև հունիսի 20-ին տեղի ունեցած բախումների գործով այսօր ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել: Այդ գործով ճաղերի ետևում գտնվող անձանց ընդհանուր թիվը 10 է, ևս 3-ը համարվում են կասկածյալ։

«Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ մատակարարելու խնդրի շուրջ ծագած վեճին հաջորդած այդ բախումների գործով ճաղերի ետևում է նաև զինված խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ում փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր Վերաքննիչ դատարանում բողոքարկեց կալանավորման որոշումը։

«Անօրինական որոշում է, որևէ հիմք և պայման կալանավորման՝ չկա», - հայտարարում էր Ղարագյոզյանը։

Փաստաբանի պնդմամբ, Ղարաբաղյան պատերազմի, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, այժմ էլ խնամքին տարեց ծնողներ ու հաշմանդամ եղբայր ունեցող Արարատ Խանդոյանի պարագայում կալանավորման որոշումը հիմնավոր չէ։

Խանդոյանը չի ընդունում մեղադրանքը, թե հունիսի 20-ին մասնակցել է զանգվածային անկարգություններին, բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ։ Փաստաբանի փոխանցմամբ, Խանդոյանի կարծիքով իրեն հալածում են քաղաքական հայացքների և պարզապես զինված խմբի անդամի եղբայրը լինելու համար:

«Որևէ տվյալ, փաստական ապացույց չի ներկայացվել դատարան», - ասում է Արա Ղարագյոզյանը, - «Նա այդ օրը այդտեղ է եղել, սակայն խաղաղության կոչ է արել, որ ոստիկանները չհարվածեն: Այնուհետև, ոստիկանները նրան ոչ թե դեպքի վայրից են բերման ենթարկել, այլ սրճարանից»:

Մինչ Քննչական կոմիտեն նախաքննություն է վարում Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանների հանդեպ բռնությունների գործերով, Հատուկ քննչական ծառայությունում դեռ տեղաշարժ չկա ակտիվիստների դեմ բռնությունների գործով, ընթանում է նախաքննություն, չկան անգամ կասկածյալներ։

Վեց օր առաջ ոստիկանների կողմից դաժան բռնության ենթարկված Արսեն Թադևոսյանին միայն այսօր են կանչել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ բերման ենթարկելուց հետո ոստիկանների բռնությունների հետևանքով նա ուղեղի ցնցում և ծնոտի երկկողմանի կոտրվածք էր ստացել։ Դեռ դժվարությամբ է խոսում։

«Ինձ երկու հոգի վերցրեցին, ձեռքերս ոլորեցին և տարան: Ապա, արդեն ոստիկանության կորդոնից այն կողմ՝ Ծիրանի խանութի հետևի մասում չորսով սկսեցին ծեծել», - պատմում է նա:

Փաստաբան Ղարագյոզյանը ակտիվիստների դեմ բռնությունների մասին 4 հաղորդում է ներկայացրել իրավապահներին, անգամ չգիտի՝ այդ դեպքերով քրեական գործ հարուցվել է, թե ոչ։

XS
SM
MD
LG