Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցի հանրահավաքին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ «զենքի իշխանությունը» օգտագործող իշխանություններն են «ահաբեկչական»:

«Ես համարում եմ, որ այս տղաները [ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբը] հակաահաբեկիչ են, և եթե բոլորը պետք է վայր դնեն իրենց լիազորությունները և զենքերը, դա վերաբերում է նաև այս իշխանությանը, Սարգսյանին, որ բանակցային, ոչ արյունահեղությամբ լուծում գտնվի: Հիմա շատ վտանգավոր պահի նախաշեմին ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսօրվա վիճակը շարունակությունն է 5 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների, որոնք, նրա գնահատմամբ, չունեցան արդար արդյունք:

Հարցին, թե ստեղծված իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, Հովհաննիսյանն արձագանքեց, որ ժողովուրդը պիտի շարունակի «զորակից մնալ», այնուհետև իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը և «հավասարը հավասարի պես խոսի այդ տղաների հետ»:

«Սերժ Սարգսյանի հրաժարականը լուծումներից մեկն է, բայց ոչ բավարար: Պետք է լինեն նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որի հիմքը պիտի լինի այս տղաների ազատ արձակումը, առանց որևէ պայմանականության: Մնացածը բանակցությունների խնդիր է: Հավելյալ արյունահեղությունը կբերի հեղափոխության և հեղաշրջման, և ոչ մեկը դա չի ուզում», - ասաց Հովհաննիսյանը:

«Արդյո՞ք սպառվել էին պայքարի բոլոր միջոցները» հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ՝ այո՛, բոլոր հնարավորությունները սպառվել են: Ժողովրդին, ընտրությունների, քվեարկությունների կեղծիքների, կոռուպցիայի միջոցով, խաղաղ փոփոխության հնարավորություն չէր տրված, և այս տղաները, բացի այդ մեկ ահավոր զոհից, շատ գրագետ, հայրենասեր, նրբանկատ քայլ են կատարել՝ ազատ են արձակել ոստիկան պատանդներին: Հիմա մեն-մենակ են՝ հոսանքազրկված վիճակում»:

XS
SM
MD
LG