Մատչելիության հղումներ

Հայաստան-ԵՄ բանակցություններում արդեն իսկ համաձայնություններ կան


Հայաստան -- Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանը և Տիգրան Հարությունյանը պատասխանում են լրագրողների հարցերին, Երևան, 18-ը փետրվարի, 2014թ․

Հայաստան -- Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանը և Տիգրան Հարությունյանը պատասխանում են լրագրողների հարցերին, Երևան, 18-ը փետրվարի, 2014թ․

Նոր շրջանակային փաստաթղթի շուրջ Հայաստանի ու Եվրամիության միջև շուրջ ութ ամիս շարունակվող բանակցություններում արդեն իսկ համաձայնություններ կան՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով հայկական կողմի գլխավոր բանակցողներից մեկն է:

«Որոշակի հատվածում արդեն համաձայնությունները ունենք, շատ հատվածներ կան, որոնք աշխատանքային կարգով քննարկումները շարունակվում են», - նշեց Մելքոնյանը:

Եվրամիության հետ Հայաստանը երկրորդ անգամ է բանակցում առևտրին, ներդրումներին, քաղաքական փոխգործակցությանը վերաբերող համապարփակ փաստաթուղթ ստորագրելու նպատակով: Նախորդ բանակցությունները տևեցին մոտ 3.5 տարի, ավարտվեցին հաջողությամբ, փաստաթուղթը պատրաստ էր ստորագրման, սակայն 2013թ․ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Կրեմլի նախաձեռնած Եվրասիական միությանը անդամակցելու մասին, ինչը, փաստորեն, նշանակում էր Եվրամիության հետ տարիներով բանակցված փաստաթղթից հրաժարում:

Այնուհետև, պահանջվեց ավելի քան երկու տարի, մինչև Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ սկսեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Բանակցությունները պաշտոնապես մեկնարկեցին անցած տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում:

Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ՝ բանակցությունները բնականոն տեմպով առաջ են ընթանում․ - «Մինչև տարեվերջ դեռևս երկու բանակցային ռաունդ նախատեսվում է մեր մասով իրականացնել, որևէ հատուկ սուր, պրոբլեմատիկ հարց այս պահի դրությամբ չունեմ, որը հնարավոր է նշել որպես խնդրահարույց խնդիր բանակցային գործընթացի տեսանկյունից»:

Մելքոնյանը ժամկետ չնշեց, թե երբ կավարտվեն բանակցությունները, նաև չհստակեցրեց՝ արդյոք պաշտոնական Երևանը ԵՏՄ այլ անդամների, այդ թվում Ռուսաստանի հետ քննարկո՞ւմ է Եվրամիության հետ ընթացող բանակցությունները:

XS
SM
MD
LG