Մատչելիության հղումներ

Հուլիսի 17-ից 22-ը օմբուդսմենի գրասենյակը ստացել է 114 հաղորդում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ընդհանուր թվով ստացվել է բանավոր և գրավոր 114 հաղորդում:

Ըստ գրասենյակի, ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն և չվերադարձնելուն, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն և բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:

«Նշված հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ», - ասված է հաղորդագրությունում:

Օմբուդսմենի գրասենյակը նաև հաղորդում է, որ ստեղծված իրավիճակին և քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ինչպես մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություններ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, բժշկական հաստատություններ և այլն:

«Մեր կողմից արձանագրված դեպքերի, ձեռնարկված միջոցների մասին ուշ կներկայացվեն համապատասխան գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG