Մատչելիության հղումներ

Ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ է արձակվել


Խորենացի փողոցում հուլիսի 20-ին «զանգվածային անկարգություններ հրահրելու» կասկածանքով ձերբակալված Անի Նավասարդյանը ազատ արձակվեց:

«Բախումը սխալ էր: Նման ցնցումների արդյունքում մարդիկ որոշ բաներ են հասկանում: Անշուշտ իմ մեղավորությունը կա, անշուշտ», - «Ազատության» հետ զրույցում, հուզմունքը մի կերպ զսպելով, խոստովանեց Նավասարդյանը՝ հավելելով՝ ամեն ինչ կաներ, որ բախում չլիներ:

Ակտիվիստը նշեց, որ իր նկատմամբ ազատազրկման վայրում բռնություն, ճնշումներ չեն գործադրվել:

«Ինձ չեն վախեցրել, հավատացեք», - ասաց նա, - «Իմ դիրքորոշումը չի փոխվել, պայքարելու ձևը պիտի փոխվի»:

Նավասարդյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն «Ազատությանը» հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք չի առաջադրվել․ - «Որոշմամբ նշված է, որ այս պահի դրությամբ փաստաբան տվյալներ ձեռք չեն բերվել Անի Նավասարդյանին ներկայացված կասկածները հաստատելու ուղղությամբ և այդ պատճառով քրեական հետապնդումը դադարեցվել է»:

Հուլիսի 20-ի բախումների օրը Խորենացի փողոցում է եղել նաև ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների այս գործողություններից մի բան կարելի էր ենթադրել՝ հրահանգ են ունեցել պատժել բոլորին, ովքեր համարձակվում են փողոց դուրս գալ:

«Հիմա տեսնում են, որ մարդիկ քանակով շատ ավելի քիչ են, փորձում են այդ քիչ քանակին էլ վախեցնել, մյուսներին էլ ցույց տալ, բայց համոզված եմ, որ մենք այդքան վախկոտ ժողովուրդ չենք», - նշեց ակտիվիստը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է՝ իրավապահ մարմինների գործողությունները թիրախավորված են, ճնշման կիզակետում հիմնականում այն մարդիկ են, ովքեր տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ակտիվ դերակատարում են ունեցել: Սաքունցը ընդգծում է՝ նույն ջանասիրությամբ չեն պատժվում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառող ոստիկանները:

«Ապօրինի կամ ընտրողական արդարադատություն է իրականացվում», - ասում է իրավապաշտպանը:

Վերջին օրերին իրավապահ մարմինների գործողությունների կապակցությամբ մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել են․ - «Ոստիկանությունը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործի է դրել իր ավանդական վայրագ, բռնի և սադրիչ գործողությունները` խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, բնակչության հանդեպ»:

Տասնյակ կազմակերպություններ պահանջ են ներկայացրել իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել այս մի քանի օրերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել և հեռացնել քաղաքացիների նկատմամբ բռնություններ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG