Մատչելիության հղումներ

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն, այսօր Խորենացի փողոցում հայտարարեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:

«Դա բացարձակապես չի ազդում տղաների ոգու վրա», - հավելեց նա:

Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների ու իշխանության միջև բանակցություններին՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամն ասաց, որ ամեն ինչ «սառած վիճակում է», ոչ մի փոփոխություն չկա:

«Չնայած հայտարարվեց, որ կա նոր բանագնաց, այդ հայտարարությունից մինչև այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, և այդ առումով ոչ մի փոփոխություն չկա: Ամեն ինչ սառած վիճակում է», - ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի հետ բանակցում էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Այսօր հայտնի դարձավ, որ նրան կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով, «Սասնա ծռեր» խմբի նպատակը, բացի քաղաքական պահանջների իրականացումից նաև Ժիրայր Սեֆիլյանին տեղեկատվական մեկուսացումից դուրս բերելն է:

«Ժիրայր Սեֆիլյանը, ով երևի թե միակ անձն է, որ ինչ-որ լուծումների առումով էական դեր կարող է ունենա, գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե, օրենքի ուժով իրավունք ունեն հանդիպել Սեֆիլյանին՝ պատգամավորները, նույնիսկ հարազատները, այդ իրավունքից զրկված են», - ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ խոսքը չի վերաբերում փաստաբաններին:

Նրա խոսքով պետք է բազմապատկեն ճնշումները իշխանությունների վրա, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանին դուրս բերեն տեղեկատվական մեկուսացումից:

Ենիգոմշյանը նաև փոխանցեց, որ այսօր, չնայած առողջական խնդիրներին, բերման է ենթարկվել «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը․ - «Այս պահին Սյուզան Սիմոնյանը գտնվում է անազատության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG