Մատչելիության հղումներ

Թուրք բարձրաստիճան պաշտոնյային այսօր սպասում են Մոսկվայում


«Ռուս-թուրքական առճակատում», քաղաքական ծաղրանկար
«Ռուս-թուրքական առճակատում», քաղաքական ծաղրանկար

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանիքլին այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ Ռուսաստանի պաշտոնյաների հետ քննարկելու է երկկողմ առևտուրը և տնտեսական կապերը վերականգնելու հարցերը:

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան աղբյուրը ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն ասել է, որ պատվիրակության կազմում կլինեն նաև Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները:

Այցի փաստը հաստատել է նաև Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևը: «Կառավարությունը մեզ հանձնարարել է նախապատրաստվել հուլիսի 26-ից 27-ը կայանալիք հանդիպումներին` թե՛ տնտեսական զարգացման նախարարության և թե՛ միջկառավարական հանձնաժողովի մակարդակով», - ասել է Լիխաչևը:

Մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հատուկ նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ներողություն խնդրելով անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ռազմական օդանավը վայր գցելու միջադեպի համար և հորդորելով բարելավել երկու պետությունների հարաբերությունները:

Հունիսի 27-ին տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը՝ առաջինն անցած 7 ամսում:

Նոյեմբերի 24-ի միջադեպը Պուտինը որակել էր որպես «հարված թիկունքից», հայտարարել, թե Մոսկվան սառեցնում է կապերը Անկարայի հետ, և նախազգուշացրել, որ թուրքերը դեռ շատ կզղջան ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար:

Անկարան հրաժարվել է ներողություն խնդրել: Սակայն վերջին ամիսներին միջազգային իրադրությունը փոխվել է, մի կողմից՝ Թուրքիայում ահաբեկչական գործողությունները, Թուրքիայի հասցեին Եվրոպայի հնչեցրած քննադատությունը, ձախողված հեղաշրջումը, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի օրըստօրե սրվող հարաբերությունները, ռուս-թուրքական մերձեցման որոշակի նախապայմաններ են ստեղծել:

Առաջիկայում երկու երկրների ղեկավարները կունենան բոլոր կնճռոտ հարցերը մանրամասն քննարկելու հնարավորություն:

Ենթադրվում է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին՝ Ռուսաստանում, սակայն հանդիպման հստակ ժամկետը և վայրը դեռ հայտնի չեն:

Ռուսաստանի ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ հարցը հիմա քննարկում են երկու երկրների դիվանագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG