Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը պնդում է՝ ռուսաստանցի հաքերների խումբը, որին հաջողվել է տիրանալ դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությանն ու փաստաթղթերին, աշխատում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին:

Ֆիլադելֆիայում առաջիկա ժամերին մեկնարկող Դեմոկրատական կուսակցության համագումարն ուղեկցվում է ներկուսակցական աղմկոտ սկանդալով. համագումարի նախաշեմին Wikileaks կայքը հրապարակել է դեմոկրատական կուսակցությանը պատկանող մի քանի տասնյակ հազար էլեկտրոնային նամակներ և փաստաթղթեր. այս հսկայածավալ տեղեկատվական արտահոսքը, ինչպես պնդում են Քլինթոնի թիմակիցները, ռուսաստանցի մի խումբ հաքերներ են իրականացրել՝ նպատակ ունենալով հարվածել Դեմոկրատական կուսակցության հեղինակությանը: Փաստաթղթերը, մասնավորապես, վկայում են այն մասին, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը սևացրել է կուսակցին՝ նախագահի թեկնածու դառնալ ցանկացող Բերնի Սանդերսին և նրա նախագահական ընտրարշավը խոչընդոտելու ուղիներ փնտրել։ Մինչդեռ, ըստ կանոնադրության, կուսակցությունն այդ շրջանում պետք է չեզոքություն պահպաներ:

Ամերիկյան հեռուստաընկերությունների հետ զրույցում Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբերտ Մուքը պնդել է, թե այդ հաքերային հարձակման ետևում կանգնած են ռուսական պետական կառույցները: - «Եվ չեմ կարծում, թե պատահականություն է այդ փաստաթղթերը մեր համագումարի նախաշեմին հրապարակելը»,- հայտարարել է Մուքը:

Միացյալ Նահանգների հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ռուսական իշխանությունների հետ կապի մասին պնդումները որակել է «անհեթեթ ու անհիմն»: Այս մասին ABC-ի եթերում հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը:

Քլինթոնի նախընտրական շտաբից հնչող մտահոգությունները, սակայն, պատահական չեն: Այստեղ մատնանշում են մրցակից թեկնածուի վերջին շրջանի հայտարարությունները, որոնք, իրենց համոզմամբ, վկայում են այն մասին, որ Թրամփի նախընտրական քարոզարշավը հետզհետե ավելի ռուսամետ է դառնում:

Քլինթոնի թիմակիցները մեջբերում են ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած հայտարարությունը, որով հանրապետական թեկնածուն անթույլատրելի է համարում օգնությունը դաշինքի այն անդամներին, որոնք բավարար չափով միջոցներ չեն ներդրել կազմակերպության գործունեության մեջ: Թրամփը նաև հայտարարում էր, թե չարժե խառնվել Ռուսաստանի հետ վիճաբանություններին:

«Եթե այս ամենը համադրենք, ապա իրավիճակը բավական տագնապալի է դառնում», - ամփոփել է Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կհանգուցալուծվի ներկուսակցական այս ճգնաժամը, որի պատճառով կուսակցական պաշտոնը լքելու մասին հայտարարությամբ է հանդես եկել կառույցի ազգային կոմիտեի ղեկավար Դեբի Վասերման-Շուլցը, ում անունը ամենաշատն է շրջանառվում հաքերների գաղտնազերծած սկանդալային փաստաթղթերում: 2008-ից կուսակցության ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող Վասերման-Շուլցը պետք է գլխավորեր առաջիկա ժամերին Ֆիլադելֆիայում մեկնարկող քառօրյա համագումարը, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, կուսակցությունը պետք է պաշտոնապես առաջադրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:

XS
SM
MD
LG