Մատչելիության հղումներ

logo-print

ՔԿ. Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար


Խորենացի փողոց, 19-ը հուլիսի, 2016թ.

Խորենացի փողոց, 19-ը հուլիսի, 2016թ.

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ևս 3 անձի ինքնություն, ովքեր մասնակցություն են ունեցել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով, հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: «Մի խումբ անձինք բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների` հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության 6 աշխատակցի», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Այսպիսով՝ սույն քրեական գործի շրջանակներում, հուլիսի 25-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG