Մատչելիության հղումներ

Լևոն Մկրտչյան. Նախադեպը կարող է քայքայել պետությունները


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու նախադրյալներ է տեսնում: Պատանդների ազատ արձակումը և շարունակվող բանակցությունները Լևոն Մկրտչյանին հույս են ներշնչել, որ Հայաստանում արդեն իններորդ օրը շարունակվող ճգնաժամը կկարգավորվի:

«Պատասխանատվություն կա մեր ժողովրդի բոլոր շերտերի մեջ, նույնիսկ այն շերտերը, որոնք, ասենք, շատ քաղաքական փորձառություն կամ գիտելիքներ քաղաքական չունեն, բնազդով ունեն այդ պատասխանատվությունը: Վստահ եմ, որ այս խնդիրն էլ կկարգավորվի այդ նույն ձևաչափով: Արդեն պատանդների արձակումը և բանակցային գործընթացը այդպիսի հույս տալիս են», - Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Անթույլատրելի համարելով զինված խմբի գործողությունները՝ նախարարը մտահոգություն հայտնեց, որ այս գործելաոճը նախադեպ չդառնա. - «Պետությունը եթե սուվերեն պետություն է և անկախ պետություն է, շատ կարևոր է այստեղ նախադեպային թույլատրություն չլինելը, որովհետև, գիտե՞ք, ի վերջո, նախադեպը կարող է քայքայել պետությունները, որոնք դեռ երկար կյանքի փորձ չունեն: Մենք ընդամենը 20-25 տարվա պետական շինարարության փորձ ունենք, և նախադեպի գոյությունը կարող է առաջացնել մի, այսպես ասած, պատկերացում, որ ցանկացած խումբ կարող է իր՝ իր համար ճիշտ նպատակի համար կատարել քայլեր, որից հետո մենք պարզապես պետություն և պետականություն չենք ունենա»:

Իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցությունը տեղի ունեցած վերաբերյալ ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրադրությունը որակելով «երրորդ հարված մեր պետականությանը»՝ «Հոկտեմբերի 27»-ից ու «Մարտի 1»-ից հետո:

Ըստ հայաստանյան մամուլի՝ զինված խմբի հետ բանակցություններում շրջանառվել է կառավարության հրաժարականի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցը: «Ազատության» հարցին՝ ի՞նչ տեղեկություն ունի այս մասին, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. - «Որևէ այդպիսի ինֆորմացիա ես չունեմ, բնականաբար»:

XS
SM
MD
LG