Մատչելիության հղումներ

Համակարգող խումբը սպառնում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներով


Խորենացի փողոցում համակարգող խմբի ասուլիսը, 25-ը հուլիսի, 2016թ.

Խորենացի փողոցում համակարգող խմբի ասուլիսը, 25-ը հուլիսի, 2016թ.

Խորենացի փողոցի հանրահավաքների համակարգող խումբը քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է խոստանում, եթե մինչև ժամը 20-ը գրավված գնդի ներսում չվերականգնվեն կենցաղային անհրաժեշտ միջոցները: Միաժամանակ ընդդիմադիրները դեռ չեն բացահայտում, թե մասնավորապես ինչ քայլեր են ձեռնարկելու:

Ոստիկանական պատնեշի առջև վաղ առավոտյան հրավիրած ասուլիսում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ շուրջ 40 ժամ է «Սասնա ծռեր»-ը զրկված է էլեկտրականությունից, սննդից ու բուժօգնությունից, իսկ գիշերվանից անջատված են նաև կապի միջոցները։

«Իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները տղաների հետ, և նման ճնշումներով միայն սրացում և վտանգավոր սրացում ենք գնում», - հայտարարեց Ենիգոմշյանը։

Նա իշխանական սադրանք է որակում մի կողմից շարունակվող բանակցությունների մասին հայտարարություններն ու միաժամանակ ստացվող ահազանգերը հնարավոր գրոհի մասին։

«Փորձ է արվել մոտենալ տարածքին և պատ քանդել, դա մեկից ավելի աղբյուրներից հաստատված փաստ է՝ ներառյալ շրջանի բնակիչների կողմից հաստատված, և այս առավոտ սրացման և մթնոլորտի թեժացման նոր քայլ է արվել՝ ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռչել է տարածքի վրայից», - ասաց Ենիգոմշյանը։

Մինչ իրավապահները զինված խմբին հանձնվելու կոչեր են անում, նրանց աջակիցներն իրենց հերթին Սերժ Սարգսյանին են դիմում՝ պնդելով, թե թափված յուրաքանչյուր կաթիլ արյան համար նա է պատասխանատու։

«Բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի տղաների համաձայնությամբ պետք է շարունակվեն Աշոտ Մինասյանի հետ։ Պարզապես բանագնաց նշանակել և մյուս կողմից տղաներին և՛ սնունդով, և՛ հոսանքով, և՛ կապի միջոցներով, և՛ բժշկական օգնություն չտրամադրել, դա նշանակում է, որ սուտ բանակցություններ են», - հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը։

Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է դեմ առ դեմ հանդիպում՝ զինված խմբի ու Սերժ Սարգսյանի հետ, բայց ոչ զենքը վայր դնելուց հետո, ինչպես իշխանություններն են առաջարկում: Ալեք Ենիգոմշյանի խոսքով, միայն այս դեպքում «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված առաջնորդը կկարողանա ներկայացնել իրավիճակից դուրս գալու ուղիներ:

«Տղաների պահանջները շատ հստակ են, այսօր գնդակը գտնվում է իշխանությունների դաշտում և կոնկրետ Սերժ Սարգսյանի դաշտում: Ասել, որ տղաները թող վայր դնեն զենքերը և այդ ժամանակ ես կհանդիպեմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, սա լուրջ մոտեցում չէ», - ընդգծեց Ենիգոմշյանը:

XS
SM
MD
LG