Մատչելիության հղումներ

Նախագահ․ Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց պետք է բազմապատկվի սպաների շնորհիվ


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:

Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Նախագահը արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը իր խոսքում, մասնավորապես, ասել է․ - «Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է»:

«Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է», - հայտարարել է նախագահը՝ շարունակելով․ - «Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդիությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց և առկա է նույն մատենադարանում»: «Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները, առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG