Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրապարակել է ԱԱԾ-ի կոչը զինված խմբին


Աշոտ Ահարոնյան, արխիվ

Աշոտ Ահարոնյան, արխիվ

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կոչը՝ ուղղված ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին։

Ահարոնյանը նշել է, որ այդ կոչը հասանելի է եղել զինված խմբի անդամներին։

Կոչում մասնավորապես ասված է. - «2016 թվական հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետևյալ հանցանքները՝ վերցվել են պատանդներ (ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդված), զավթվել են շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ (ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդված), ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել և կրվել է հրազեն (ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված)։ Այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։ Արդեն իսկ կատարված հանցավոր գործողությունների համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակի և խստության աստիճանի վրա էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը և առաջացրած հետևանքների ծանրությունը»։

Կոչում նաև նշված է, որ միաժամանակ, Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում․ - «Իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններին այլ հանցակազմ չեն պարունակում։ Ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»։

ԱԱԾ-ն զինված խմբի անդամներին հորդորել է դրսևորել ողջամտություն և, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կամովին վայր դնել զենքը ու հանձնվել իշխանություններին։ «Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք։ Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները՝ դուրս գալ անցագրային կետից, զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ, առաջանալ մոտ 50 մետր, շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը, ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին», - ասված է ԱԱԾ-ի կոչում։

XS
SM
MD
LG