Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Ճգնաժամից դուրս գալու համար պետք է ունենանք մեր ազգային անվտանգության տեսլականը


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խոսելով Երևանի Խորենացի փողոցում ցույցերը համակարգող խորհրդի մասին, հայտարարեց՝ ինչ խորհուրդ էլ լինի, ինչպիսի անվանում էլ ունենա, ովքեր և ինչ քաղաքական ուժեր էլ ներգրավված լինեն այդ խորհրդում, այդ քաղաքական ուժերը պետք է ունենան օրակարգ՝ բաղկացած մի քանի կետից։

«Թիվ մեկ կետ՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, թիվ երկրորդ՝ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է ունենա վստահություն հանրության լայն շրջանակում, երրորդը՝ այդ վստահելի կառավարությունն առնվազն պետք է միջոցներ գործադրի, որպեսզի հավասար, թափանցիկ պայմաններում անցկացվեն Հայաստանի Հանրապետությունում արտահերթ՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններ, սրանք պետք է լինեն առաջնային, նվազագույն այդ հարթակի օրակարգը։ Այս օրակարգը պետք է սպասարկվի։ Մենք այլընտրանք չունենք, ճգնաժամից դուրս գալու համար պետք է ունենանք մեր ազգային անվտանգության տեսլականը՝ նաև հրապարակված այդ հարթակից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փոստանջյանի խոսքով՝ ազգային անվտանգության տեսլականը պետք է ներառի, որ Հայաստանը որևիցե տարածք հանձնելու հնարավորություն չունի։ «Եթե խոսում ենք ինչ-որ սկզբունքներից, եթե խոսում ենք ինչ-որ փաստաթղթերից, ապա մենք պետք է վերադառնանք հարյուր տարի առաջ, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գծագրված աշխարհաքաղաքական կարգի անարդարացի հետևանքներին, և իհարկե պետք է վերադառնանք այն մեկ իրավական փաստաթղթին, որն այսօր օրինական միակ ուժ ունեցող փաստաթուղթն է, դա՝ Սևրի պայմանագիրն է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Եթե մենք խոսում ենք ինչ-որ տարածքների մասին, եթե մենք խոսում ենք մեր հայրենիքի բռնազավթման մասին, եթե մենք խոսում ենք մեր քաղաքական հայտի մասին, ապա պետք է վերադառնանք հարյուր տարի առաջվա տեղի ունեցող միակ իրավական ուժ ունեցող փաստաթղթին և մեկնարկը տանք այդտեղից»։

XS
SM
MD
LG