Մատչելիության հղումներ

Ուղղաթիռ ՊՊԾ գնդի տարածքի վրա, կրակոցների նմանվող ձայներ


Ռազմական ուղղաթիռը ՊՊԾ գնդի տարածքի վրա, Երևան, 25-ը հուլիսի, 2016թ․

Ռազմական ուղղաթիռը ՊՊԾ գնդի տարածքի վրա, Երևան, 25-ը հուլիսի, 2016թ․

Արդեն իններորդ օրն է՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը շարունակում է մնալ իրեն «Սասնա ծռեր» անվանող զինված խմբավորման վերահսկողության տակ: Այս գիշեր իրավիճակը գնդի հարակից տարածքում հանգիստ է եղել, իրավապահները գործողությունների չեն դիմել։

Առավոտյան գնդի տարածքի վերևում ռազմական ուղղաթիռ նկատվեց: Ժամը 8:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից սկսեցին պարբերաբար լսվել կրակոցների նմանվող ձայներ: Դժվար է ասել՝ դա հենց ՊՊԾ գնդի տարածքի՞ց է, և արդյո՞ք զինված խմբի անդամներն են․ հայտնի է, որ նրանք երբեմն նման կրակոցներ արձակում են: Համենայն դեպս, Խորենացու փողոցից տեսանելի հատվածում, ՊՊԾ գնդի տարածքին ավելի մոտ գտնվող ոստիկանների պահվածքի մեջ որևէ արտառոց բան չի նկատվում:

Ժամը 8-ից քիչ անց էլ ՊՊԾ գնդի վերևում բավական ցածր բարձրության վրա պտտվեց մի ռազմական ուղղաթիռ, այն հենց Խորենացու փողոցի վրայով եկավ և թեքվեց, կրկին շրջադարձ կատարեց ՊՊԾ գնդի տարածքի վերևից, այնուհետև հեռացավ:

Երեկ երեկոյան զինված խմբի անդամները ոստիկանության մեքենա են այրել: Այդ մասին առաջինը բարձրաձայնեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով նախօրեին Խորենացի փողոցում հայտարարեց, որ խմբի անդամները արդեն 24 ժամ է զրկված են սննդից, էլեկտրաէներգիայից, ինչպես նաև բուժօգնությունից՝ խմբի անդամներից մեկը շարունակում է վիրավոր մնալ ՊՊԾ գնդի տարածքում, և ի նշան բողոքի այրել են ոստիկանության «Գազել» մակնիշի մեքենան: Քիչ անց նաև ոստիկանությունը հրապարակեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում մեքենան:

Գիշերվա ընթացքում տեղեկություն էր տարածվում՝ զինված խմբի անդամները իրենց համակիրներին հեռախոսով տեղեկացրել էին, որ ոստիկանությունը փորձում է ՊՊԾ գնդի պատերից մեկը քանդել, նախապատրաստել գրոհ, նշվում էր Գլինկայի փողոցի հատվածը: Մենք գիշերը ժամը 2-ի և 4-ի սահմաններում եղանք այդ հատվածում, որտեղից ՊՊԾ գնդի տարածքը մոտ 100 մետր է հեռու, անգամ տեսանելի էր պատի մի փոքր հատված, այդ պատը քանդված չէր, ոչ էլ նման գործողություններ իրականացվում էին: Այնտեղ ընդամենը մի քանի ոստիկան էր հերթապահում, մոտ 15-20 ոստիկաններ էլ հարակից տարածքում պարզապես քնած էին:

XS
SM
MD
LG