Մատչելիության հղումներ

Ենիգոմշյան․ Տղաները պատրաստ չեն զիջման


Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել, և իրենք պատրաստ չեն զիջման, այսօր Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

«Ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունը և զորակցությունը հայտնի այդ տղաներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենան իրականությանը», - ասաց Ենիգոմշյանը։

Նա նաև հայտնեց, որ այս օրերին տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվում։ «Այս օրերի ընթացքում բռնատիրական միջոցները շարունակվել են, տասնյակ քաղաքացիներ շարունակվում են բերման ենթարկվել և ձերբակալվել։ Եթե իշխանություններին թվում է, որ այս միջոցներով պայքարող ժողովրդի կամքը և վճռականությունը կոտրելու են, իրենք տեսնում են դրա ճիշտ հակառակը՝ ամեն օր տղաներին աջակցողների թիվն ավելանում է», - հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը։

Ենիգոմշյանը կոչ արեց ոստիկաններին՝ չենթարկվել ապօրինի հրամաններին, ձեռք չբարձրացնել սեփական ժողովրդի վրա, որովհետև նույն այս ժողովուրդն, ինչպես նաև ՊՊԾ գնդում գտնվող տղաները, ինչպես Ենիգոմշյանն ասաց, պայքարում են նաև այդ ոստիկանների համար։

«Մենք բոլորս միայն սպասենք, որ ողջամտությունը կդառնա համատարած և վարչախումբը կգիտակցի, որ այլևս ժողովուրդը պատրաստ չէ լռելու։ Սա վերջն է՝ մենք կա՛մ երկիր ենք կորցնում, կա՛մ ժողովուրդը հաղթանակելու է», - հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը։

Հիշեցնեն, այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հրավիրել «Հիմնադիր խորրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և բացատրել իրականությունը և հեռանկարները, երբ զինված խմբի անդամներն անհապաղ վայր դնեն զենքն ու հանձնվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG