Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Նեմցովի սպանության գործով դատավարությունը


Ռուսաստան - Բորիս Նեմցովի սպանության տարելիցին նվիրված սգո երթ, Մոսկվա, 27-ը փետրվարի, 2016թ.

Ռուսաստան - Բորիս Նեմցովի սպանության տարելիցին նվիրված սգո երթ, Մոսկվա, 27-ը փետրվարի, 2016թ.

Երկուշաբթի օրը Մոսկվայի շրջանային զինվորական դատարանում սկսվում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով դատավարությունը:

Հանցագործության մեջ մեղադրվում են հինգ չեչեններ՝ Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը, Շահիդ Գուբաշևը, Տեմիրլան Էսկերխանովը և Խամզատ Բախաևը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ, նախկին փոխվարչապետ Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլից ոչ հեռու գտնվող Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի մոտ:

Ըստ մեղադրող կողմի, ամբաստանյալները մտադիր էին պատվիրված սպանության համար վաստակել մոտ 15 միլիոն ռուբլի, ինչը հավասար է 232 հազար ամերիկյան դոլարի:

Սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող Ռուսլան Մուխուդինովը, ով Չեչնիայի ներքին գործերի նախարարության «Հյուսիս» գումարտակի նախկին զինծառայող է և հանրապետության առաջնորդ Ռամզան Կադիրովի թիկնազորի նախկին ղեկավարը, այսօրվա դրությամբ գտվում է միջազգային հետախուզման մեջ:

Նեմցովի ընտանիքի փաստաբանների համոզմամբ, սպանությանն առնչություն ունի այդ գումարտակի ևս մեկ զինծառայող՝ Ռուսլան Գերեմեևը, սակայն իրավապահները փաստաբանների այդ պնդումները հաշվի չեն առնում:

Բորիս Նեմցովի համախոհները մի քանի անգամ փորձել են սպանության վայրում ստեղծել «ժողովրդական հուշահամալիր», սակայն ոստիկանները հետևողականորեն այն ապամոնտաժել են և բերման են ենթարկել նախաձեռնողներին:

Նեմցովի հարազատները և բարեկամները վստահություն չունեն դատավարության նկատմամբ և համոզված են, ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունը պատվիրել են Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաները:

XS
SM
MD
LG