Մատչելիության հղումներ

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ է անցել։ Մի քանի ցուցարարների հետ գիշերը Խորենացի փողոցում է անցկացրել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Երեկ ավելի վաղ, ելույթ ունենալով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի հարակից տարածում հավաքված ցուցարարների առջև, Մարտիրոսյանն ասաց, որ վճռական օրեր են սկսվել Հայաստանի համար։

«Վճռականությունը նոր է սկսվում, վճռականությունն ամսի 17-ին չէր, այսօր նոր սկսվում է, որովհետև այսօր մեր ազատամարտիկներն ապացուցեցին, որ իրենք մարդկային ամենամեծ հատկանիշները կրող անձինք են։ Իրենք ապացուցեցին, որ հայ զինվորը երբեք, ոչ մի դեպքում, անմեղի, անզենի, թույլի վրա ձեռք չի բարձրացնելու, և որ իրենց պայքարը գաղափարի պայքար է, գաղափարի անունն էլ Հայաստան է», - հայտարարեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, հուլիսի 17-ի վաղ առավոտյան ոստիկանության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խումբը, ըստ էության, երկու պահանջ է ներկայացրել՝ նախագահ Սարգսյանի հրաժարական և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին՝ «ժառանգության» փոխնախագահը ևս նշեց, որ Հայաստանի նախագահը պետք է հեռանա։ «Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, բայց Բաղրամյան 26-ից՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և հայ իր երկրում պետք է մնա», - ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով. - «Մեր այս պայքարը Սերժ Սարգսյանի դեմ չէ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) դեմ չէ, իշխանությանը սատարող կուսակցությունների դեմ չէ, սա «հանունի» պայքար է, մենք որերորդ անգամ դուրս ենք գալիս «հանունի» պայքարի։ Պատմությունը ցույց է տվել, որ երբեք չի լինում, որ միանգամից դուրս են գալիս ու հաղթում են, բայց աշխարհի պատմությունը ցույց է տվել, որ բոլոր այն դեպքերում, երբ ազգի նվիրյալ զինվորները կանգնում են ժողովրդի կողքին, իսկ ժողովուրդը կանգնում է իր նվիրյալ զինվորների կողքին, նման պայքարն առանց հաղթանակ չի կարող պսակվել», - հայտարարեց Մարտիրոսյանը։

Նա կոչ արեց ներկաներին մենակ չթողնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ «Պայքարն ամբողջությամբ չի կարելի թողնել իրենց շատ հզոր ուսերին, ժողովրդի աջակցությունն իր զավակներին խիստ անհրաժեշտ է, որովհետև զավակները ժողովրդի համար են պայքարում, ուրեմն մենակ չենք թողնում Պավլիկին [«Սասնա ծռեր» խմբավորման անդամ] և մնացած մեր հերոսներին», - եզրափակեց Մարտիրոսյանը։

XS
SM
MD
LG