Մատչելիության հղումներ

Մոսկվայի արձագանքը ԵՄ հայտարարությանը «սադրանք է»


ՌԴ ԱԳՆ-ի շենքը, արխիվ
ՌԴ ԱԳՆ-ի շենքը, արխիվ

Վերլուծաբանները Երևանում ծավալվող իրադարձությունների առիթով ԵՄ պատվիրակության տարածած հայտարարությանը ՌԴ ԱԳՆ-ի սուր արձագանքը պայմանավորում են ԼՂ խնդրով:

Եվրամիության դիվանագետները սիրաշահում են Հայաստանում «իրադրությունը սրող» ուժերին: Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունն այսպես է մեկնաբանել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության հայտարարությունը:

Մի քանի օր առաջ ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ, հայտարարություն էր տարածել Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ: «Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները»՝ հայտարարության հեղինակներն իշխանություններին կոչ էին արել հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»:

Ի գիտություն ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները՝ ԵՄ-ն նաև հորդորորել էր լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների, այդ թվում՝ ոչ պատշաճ վերաբերմունքի և իրավապաշտպանների ու բուժօգնության մերժման հետ կապված հաղորդումների առնչությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երեկ ճեպազրույցի ժամանակ «անհանգստություն» է հայտնել այս կապակցությամբ: «Զարմանալիորեն՝ այդ փաստաթղթում տեղ չեն գտել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանվելու, պատանդներ վերցնելու հստակ և ուղղակի դատապարտումներ: Փոխարենը նկատելի շեշտադրում է արվել իշխանություններին ուղղված պահանջների վրա՝ պահպանել «համաչափություն» և հետաքննել «ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները»,- մասնավորապես, մատնանշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հայաստանյան վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ սա ուղղակի «սադրանք է» Ռուսաստանի կողմից: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է, թե ինչպես արձագանքեց երևանյան դեպքերին Ռուսաստանը: Ըստ նրա, դա «հստակ մեսիջ էր Հայաստանի իշխանություններին՝ արեք ինչ ուզում եք, մենք տեր ենք»: «Բացահայտ սադրանք է՝ այս լոկալիզացված կոնֆլիկտը դարձնել ներքաղաքական համատարած ճգնաժամ: Մնում էր մի նախադասությամբ էլ ասեին ՀՀ իշխանություններին՝ բա մենք ձեզ չասացի՞նք շատ արագ կոտորեք, անցեք առաջ: Իրականում, հաստատ Ռուսաստանը չի նեղվել էն բանից, որ կոչ են արել [ԵՄ-ն] հետաքննություն իրականացնել, որ կոչ են արել՝ համաչափ ուժ կիրառել անհրաժեշտության դեպքում: Անհանգստացել են նրանից, որ ուղղակի պահանջվել է քաղաքական ճանապարհով լուծել հարցը, բացառելով ուժային տարբերակը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Իշխանությունները, Սաֆարյանի կարծիքով, գիտակցում են, որ «ագրեսիայի դիմելու դեպքում» կհայտնվեն ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ, ինչն այս օրերին, երբ շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման, այսպես կոչված՝ Լավրովի ծրագիրը, հատկապես վտանգավոր է:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս վստահ է, որ Ռուսաստանի այդ սուր արձագանքը «Ղարաբաղի խնդրով է պայմանավորված»: Աջակցելով Հայաստանի իշխանություններին՝ Մոսկվան զիջումներ է ակնկալում Ղարաբաղի հարցում, կարծիք է հայտնում քաղաքագետը: «Ռուսաստանն իր հարցերն է լուծում, էսօր նրա ցանկությունը Ադրբեջանին ԵՏՄ մտցնելն է, վերջ: Գլխավորը սա է: Ինչո՞ւ է հիմա Ռուսաստանը նման քայլի դիմում՝ Հայաստանի այս իշխանությունն իրենց ձեռնտու է, քանի որ իշխանությունը թույլ վիճակում է, ներսի լեգիտիմությունը ցածր է: Հենց դա է պատճառը, որ իրենք քննադատում են ԵՄ-ի այդ հայտարարությունը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Փորձեցինք ճշտել, թե ինչպես է Ռուսասատնի այս քննադատությանը վերաբերվում հենց վերը նշված հայտարարության հեղինակը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը: «Ազատության» հարցին ի պատասխան, պատվիրակության գրասենյակից միայն վերահաստատեցին իրենց հայտարարության դրույթները՝ դարձյալ ընդգծելով՝ «Անընդունելի է քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումը, ցուցարարները պետք է ձեռնպահ մնան բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում»:

Վերլուծաբաններն ընդգծում են՝ Կրեմլի հետ չպետք է հույսեր կապել, պետք է առաջնորդվել բացառապես Հայաստանի շահերով, ինչը ենթադրում է, որ այս ճգնաժամը պետք է լուծվի առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով: Հակառակ դեպքում, ըստ «Ազատության» զրուցակիցների, Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումներն ավելի կուժեղանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG