Մատչելիության հղումներ

ՔԿ․ Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 22-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվում են անկարգությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հստակեցվում են մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, պարզվում՝ անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG