Մատչելիության հղումներ

Վերջին օրերին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին պարբերաբար անդրադառնում են նաև մտավորականները՝ հյուրընկալվելով այս կա այն մամուլի ակումբում կամ լրատվամիջոցների խմբագրություններում և հորդորելով ողջամիտ լինել, չգնալ բռնությունների և արյունալի բախումների:

Ուշագրավ է, որ այսօր լրագրողների և ստեղծագործական միությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ այս օրերին հենց իրենք՝ մտավորականներն են ամենաշատը հանրությանը ներկայացնում իրենց կարծիքը, ի տարբերություն քաղաքական ու կուսակցական գործիչների:

«Մտավորականները ցավ են արտահայտում և՛ զոհվածի, և՛ մյուս ցավալի իրադարձությունների դեմը առնելու մղումով, այն էլ՝ մտավորականների վրա են հարձակվում», - ասաց Միլիտոնյանը:

Այս օրերին մտավորականները նաև խումբ-խումբ հայտարարություններ են տարածում: Օրինակ՝ մի քանի օր առաջ նման կոչով հանդես եկան մի քանի տասնյակ մտավորականներ՝ այդ թվում Տիգրան Մանսուրյանը: Հայտարարությամբ հանդես եկան նաև մի խումբ երիտասարդ գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ ու արվեստագետներ՝ շեշտելով հետևյալը․ - «Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն է բարձրացրել, որի պահանջը հնչում է արդեն տարիներ: Իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները, թալանը, հանցավոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատության բացակայությունն ու անարդարության մթնոլորտը՝ գումարած ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ու մտավորականների կողմից մշտապես Հայաստանը ապոկալիպտիկ գույներով նկարագրելը՝ Հայաստանը կործանվում է և այլն (կարծես խոսքերը միայն իշխանության հետ առևտրի համար են), անխուսափելիորեն մարդկանց մղելու էին մի օր զենք վերցնել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի տագնապալի դարձավ մթնոլորտը, որ այս իշխանությամբ իրոք երկիրը կանգնում է փլուզման եզրին:

Ուրեմն, եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին քաղաքական համակարգում փնտրեք՝ և' իշխանության, և' ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաև հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների մեջ: Այն մտավորականներն ու քաղաքական գործիչները, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք են ստեղծում արյունահեղության համար՝ ազատելով իշխանության ձեռքերը», - նշված է երիտասարդ գրողների տարածած հայտարարության մեջ:

Այս հայտարարությունը ստորագրել են Վիոլետ Գրիգորյանը, Սարգիս Հովսեփյանը, Վահան Իշխանյանը, Կարեն Անտաշյանը, Աննա Դավթյանը, Հասմիկ Սիմոնյանը, Վահրամ Դանիելյանը, Աշոտ Գաբրիելյանը, Արփի Ոսկանյանը, Սագո Արեանը, Կարինե Աշուղյանը, Բյուրակն Իշխանյանը և ուրիշներ:

Այսօր էլ «Գրական թերթը» տպագրել է մի հայտարարություն, որը ստորագրել են բոլոր ստեղծագործական միությունների ղեկավարները՝ Արամ Սաթյանը, Հակոբ Ղազանչյանը, Աստղիկ Գևորգյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Ռուբեն Գևորգյանցը, Կարեն Աղամյանը և Մկրտիչ Մինասյանը: Նրանց տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով: Դեռ մխում է մեր ցավը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված երիտասարդ, հայրենասեր 20 տարին չբոլորած տղաների համար: Դեռ հպարտանում ենք մեր ժողովրդի աննախադեպ միասնականությամբ, երբեք չենք մտածել, որ այսօր, այս հանգամանքներում մենք, ողջախոհության Կոչ պետք է անենք, պետք է խնդրենք հային, որ հայի արյուն չթափի: Հիշենք մեր մեծերին. Անդրանիկ Զորավարի կոչը հայ ժողովրդին. «Ամենայն ցավալին այն է, որ հայը սկսում է եղբայր հայը սպանել… ետ կացեք, անգամ մը խորհեք, թե ինչ կընեք, ամո թ է…ժամանակն է սթափվել, ազգային քով-քովի գանք: Քաջությունը, դրամը, զենքը չէ, որ կպակսի մեզի, այլ կամքը… 1906թ.»:

XS
SM
MD
LG