Մատչելիության հղումներ

Աշխարհաքաղաքական որոշումների ու երկրից դուրս միջամտությունների փոխարեն՝ կարգուկանոն ու անվտանգություն Ամերիկայի ներսում. սա էր Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հիմնական խոստումը Քլիվլենդում՝ հանրապետականների երեկվա համագումարում:

Պաշտոնապես համաձայնելով մտնել նախագահական մրցապայքարի մեջ՝ միլիարդատեր գործարարը հավաստիացրեց՝ մտադիր է կրկին անվտանգ դարձնել Միացյալ Նահանգները՝ ձերբազատվելով ահաբեկիչներից ու ապօրինի միգրանտներից:

«Մեր կարգախոսն է՝ ոչ թե գլոբալիզմ, այլ ամերիկանիզմ: Կարող եք վստահ լինել՝ այլ ազգերը Ամերիկային արժանի հարգանքով չեն վերաբերվի, քանի դեռ մեր երկիրը չեն առաջնորդում քաղաքական գործիչներ, որոնց համար Ամերիկան ամեն ինչից վեր է», - հայտարարեց նա:

Թեկնածության առաջադրումից հետո իր առաջին ծրագրային ելույթում Թրամպը կրկին քննադատեց գործող վարչակազմի ու հատկապես իր մրցակից նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի քաղաքականությունը: - «Եկել է երկրում ստեղծված իրավիճակը անկեղծ գնահատելու պահը», - հայտարարեց հանրապետական Թրամփը՝ հավելելով․ - «Քաղաքական կոռեկտության ժամանակն անցել է, Ամերիկայի ժողովուրդը արժանի է ճշմարտություն, և միայն ճշմարտություն լսելու: Մենք պետք է հրաժարվենք վարչակազմերի փոփոխության ձախողված քաղաքականությունից, որ Հիլարի Քլինթոնը առաջ էր տանում Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում: Մերձավոր Արևելքում 15 տարի շարունակված պատերազմից, հազարավոր մարդկանց կորստից ու միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո իրավիճակը տեղում վատ է առավել, քան երբևէ: Սա է Հիլարի Քլինթոնի թողած ժառանգությունը՝ մահ, կործանում, ահաբեկչություն ու թուլություն»:

Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթի ընթացքում Թրամփը ԱՄՆ-ին սպառնացող երեք հիմնական խնդիր առանձնացրեց․ իսլամական ծայրահեղական շարժում, ապօրինի միգրանտներ ու տնտեսական գործարքներ, որոնք հարվածում են շարքային ամերիկացիների գրպանին:

«Մենք պետք է անմիջապես դադարեցնենք միգրանտների հոսքը այն երկրներից, որտեղ ահաբեկչությունը արմատներ է գցել: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ մրցակիցը կոչ է անում 550 տոկոսով ավելացնել սիրիացի փախստականների թիվը՝ այն դեպքում, երբ որևէ կերպ հնարավոր չէ ստուգել՝ ովքեր են նրանք և որտեղից են գալիս», - հայտարարեց նա:

Ամերիկացիների գործազրկության մեջ մեղադրելով նաև միգրանտներին՝ Թրամփը կրկնեց Միացյալ Նահանգների սահմանին հսկայական պատ կառուցելու իր աղմկահարույց առաջարկը:

Անշարժ գույքի առևտրով զբաղվող միլիարդատերը հայտարարեց՝ որևէ մեկն ինձանից լավ չգիտի տնտեսական համակարգը, ես կարող եմ բարեփոխումներ անել, որոնք միլիոնավոր նոր աշխատատեղեր կստեղծեն ու կբերեն միլիարդների շահույթներ:

«Խոստանում եմ երբեք չկնքել որևէ առևտրային համաձայնագիր, որ կարող է վնասել մեր աշխատողներին կամ կասկածի տակ դնել մեր ազատությունն ու անկախությունը: Մենք երբևէ չենք կնքի վատ գործարքներ, Ամերիկան և միայն Ամերիկան կլինի ամեն ինչից վեր», - խոստացավ Թրամփը:

Քլիվլենդում անցկացված համագումարի մասնակիցները Թրամփի ելույթին արձագանքում էին տևական և բուռն ծափերով, պարբերաբար դահլիճից նաև կոչեր էին հնչում՝ ձերբակալեք Քլինթոնին: «Ես կհաղթեմ նրան նոյեմբերին», - վստահեցրեց Թրամփը, որի թեկնածությունն, ի դեպ, ոչ բոլոր հանրապետականներն են միանշանակ պաշտպանում:

Երեկվա համագումարն, օրինակ, բոյկոտել էին կուսակցության մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2012 թվականի նախագահության թեկնածու Միթ Ռոմնին ու Բուշ ընտանիքը, որ երկու նախագահ է տվել նահանգներին:

XS
SM
MD
LG