Մատչելիության հղումներ

Օսկանյան․ ՊՊԾ գնդի տարածքը գրավողները «հանցագործներ չեն»


Վարդան Օսկանյան, արխիվ

Վարդան Օսկանյան, արխիվ

«Համախմբման» առաջնորդի պնդմամբ, հենց իշխանությունն է տարիներ շարունակ «ուժով հարցեր լուծել», այլ ելքեր չթողնելով քաղաքացիներին:

«Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված խմբի անդամները հանցագործներ չեն և խնդիրը հանգուցալուծելու համար այն պետք է իրավականից տեղափոխել քաղաքական դաշտ»։ «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր նման հայտարություն արեց «Համախմբում» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Ես վստահ եմ, որ [նրանք] երբեք ցանկություն չեն ունեցել, որ այնտեղ իրենք մարդ սպանեն: Դա պատահական է եղել, որվհետև, էսպես, քաոտիկ վիճակում ինչ-որ իրավիճակ է ստեղծվել և այդ դժբախտ մահը տեղի է ունեցել: Ահավասիկ, սա է վիճակը»,- դիտարկում արեց Վարդան Օսկանյանը: Նա չի դատապարտում «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները: «Գիտեք, արդարացնելու հարց չկա, բայց քննադատել ու դատապարտել ես չեմ կարող: Ինձ եթե հարցնեք՝ ես ու՞մ կողքին եմ, ես այդ տղաների կողքին եմ: Դա նշանակում է, որ ես ասում եմ, որ ժողովրդի կողքին եմ: Արյունահեղություն պետք չէ թույլ տալ, այդ տղաների հետ պետք է նստել, բանակցել և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա պետք է լինի այսօր միակ ճանապարհը»,- շարունակեց Օսկանյանը:

Նրա համոզմամբ՝ խնդիրը կարելի է կարգավորել 48 ժամվա ընթացքում, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ։ «Առաջին՝ պետք է բերել քաղաքական հարթություն, բայց գիտակցելով, որ քաղաքական լուծումը պետք է իրավական հետևանք ունենա ինչ-որ տեղ: Իհարկե, ասել, որ սա միայն քաղաքական է, կոռեկտ չի՝ մարդ է մահացել, ընտանիք կա, վերջիվերջո՝ օրենքները գործում են: Բայց դու կարող ես մնալ զուտ իրավական հարթությունում, ինչ-որ փորձ է արվում անել, սա փակուղի է:

Այդ տղաները չեն հանձնվելու, կարող են ինչ-որ ծայրահեղ քայլերի գնալ, և սա մեզ պետք չի, որևէ մեկին պետք չի: Դրա համար էլ իշխանություններն իրենք պետք է ասեն՝ այո, մենք սա տեսնում ենք որպես քաղաքական խնդիր, իրավական հետևանքներ կարող են լինել, ու բերել քաղաքական հարթություն: Հենց որ բերում ես քաղաքական հարթություն, երկրորդ խնդիրը, որ պետք է դնես՝ որ այստեղից հաղթողներ, պարտվողներ չլինեն: Երկու կողմին էլ արժանավայել ելք տալ, բայց, փոխադարձ ընդունելի ինչ-տարբերակով: «Հրաժարական» բառից պետք է խուսափել: Բայց, որ սա նաև սկիզբ պետք է լինի մի գործընթացի, որ երկրում արմատական փոփոխություններ լինեն, դա կլինի կոնկրետ կառավարության նոր տեսքով, ընդհանրապես՝ նոր ընտրություններով, ես չեմ ուզում կոնկրետ իմ մոտեցումը բացել»- ասաց Վարդան Օսկանյանը:

«Համախմբում» կուսակցության առաջնորդն ուշացած է համարում Հայաստանի նախագահի այսօրվա հայտարարությանը՝ հնգօրյա լռությունից հետո: «Դե իհարկե, լավ է, որ խոսել է: Սկսեմ նրանից, որ միանշանակորեն՝ գործող նախագահի համար դա ուշ է: Բնական է, որ իշխանության կողմից նման հայտարարություն պետք է լինի, ես այլ կերպ չէի սպասում: Էնտեղ ուղղակի մի խնդրի վրա ուշադրություն դարձնեմ, որը բացատրում է նաև այսօրվա այս իրավիճակը: Նախագահն ասում է, որ անթույլատրելի է ուժով հարց լուծել երկրում: Ես համաձայն եմ դրա հետ: Բայց նախագահն այնտեղ մի բան է մոռանում, որ տարիներ շարունակ իշխանությունն ինքը ուժով է հարցեր լուծել այս երկրում: Եվ բառի իսկական իմաստով՝ բիրտ ուժով, ոստիկանության միջոցով:

Եվ բառի ոչ դասական իմաստով ուժով է հարց լուծվել այս երկրում՝ հարկայինով է լուծվել, լուծվել է կեղծիքներով, լուծվել է օրենքի ընտրովի կիրառմամբ, լուծվել է կաշառակերությամբ, լուծվել է կեղծիքներով, լուծվել է ստախոսություններով: Ահավասիկ, սա է, որ հավասարության նշան է դնում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և այն բանի մեջ, որ տարիների ընթացքում կատարվել է այս երկրում: Ամենամեծ ուժի կիրառումը, օրինակ՝ ինձ համար, երբ դու ընդամենը 15-20 տոկոս «այո» ստացած հանրաքվեն դարձնում ես 55-60 տոկոս: Ահավասիկ, այստեղ է խնդիրը: Երբ բոլոր քաղաքական ճանապարհները փակ են քաղաքական ուժերի համար, անհատների համար, քաղաքացիական հասարակության համար, այլ ճանապարհ չի մնում, քան նման դրսևորումները»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը:

Այսօր Էրեբունիում ծավալվող իրադարձությունների հետ կապված հրապարակմամբ է հանդես եկել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կոչ անելով մոռանալ բոլոր ներքաղաքական տարաձայնությունները, քանի դեռ բարդ իրավիճակ է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում: Օսկանյանի համոզմամբ, Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում, ՊՊԾ գնդի տարածքը գրաված մարդիկ այնտեղից դուրս կգան և առանց վախենալու կգնան ճակատ:

XS
SM
MD
LG