Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Ձերբակալվել է զինված խմբի հետ «հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ»


Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի հետ «հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և ներկայումս շարունակում են օժանդակել նախապատրաստվող նոր հանցագործություններին»:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն, մասնավորապես, «ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ»:

ԱԱԾ հաղորդագրությունում նաև ասվում է․ - «Այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը: Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում»:

Նշելով, որ զինված խմբին «հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո», ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները:

«Նկատի ունենալով վերոնշյալը, Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը և այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG