Մատչելիության հղումներ

Լրագրողների նկատմամբ բռնության փաստերով քրգործեր չեն հարուցվել


Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, Էրեբունի թաղամաս, 20-ը հուլիսի, 2016 թ․
Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, Էրեբունի թաղամաս, 20-ը հուլիսի, 2016 թ․

Իրավապաշտպանները իրավապահների վարքագիծը «խտրական» են որակում, մատնացույց անելով ոստիկանների նկատմամբ գործողությունների դեպքերով «անմիջապես քրեական գործի հարուցումը»:

Իրավապահները դեռևս ոչ մի քրգործ չեն հարուցել անցած օրերին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով։

iravaban.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը երեկ բողոք է ներկայացրել Ոստիկանություն՝ պահանջելով պատժել այդ կառույցի այն աշխատակիցներին, որոնք Խորենացի փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի բողոքի ակցիաների ժամանակ «ծեծի են ենթարկել իրեն և գողացել տեսանկարահանող սարքի հիշողության քարտը»: Թոսունյանի խոսքով, այդ ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Գևորգը պատմում է, որ նկարահանել էր, թե ինչպես են ցուցարարներն ու քաղաքացիական հագուստով անձինք միմյանց վրա քարեր ու շշեր նետում։

«Ես ուզում էի Տիգրան Մեծ պողոտայի մոտ գնալ, էդ ընթացքում անընդհատ ինձ էին մոտենում, ասում՝ մի նկարի, մի նկարի: Ասում էի՝ ոչ մեկիդ դեմքը չեմ նկարում։ Երբ հասանք բանկերից մեկի մոտ՝ «Հայէկոնոմ» բանկն էր, այնտեղ իրենք ինձ շրջապատեցին, պահանջեցին չիպը, ասի չեմ տալու: Ինձ գետնին գցեցին ու սկսեցին մեջքիս հարվածել»,- պատմեց Թոսունյանը:

Նա ասաց, թե ստիպված էր հիշողության քարտը տալ իրեն սպառնացող ու ծեծի ենթարկող անձանց, ովքեր մոտ 7 հոգով Խորենացի փողոցից նրան հետապնդել են մինչև Տիգրան Մեծ պողոտա։ «Հետո վազեցի դեպի «Հայէկոնոմ» բանկի մոտ, աշխատողն էր, ով էր, խնդրեցի, որ ներս թողնի: Նա էլ ասեց՝ չիպը տուր, քեզ հանգիստ կթողնեն։ Իջա ներքև, այդ մարդիկ այնտեղ էին: Ու երբ ինձ խփում էին, պայուսակիցս կամերան ընկել էր, հետո հայտնվեց դրանցից մեկի ձեռքը, ասի՝ կամերան տվեք, ես չիփը կտամ։ Չիպը տվեցի, բայց դրանից հետո էլի հետևիցս գալիս էին, ասում էին՝ նայի, էլ չտեսնենք քեզ ստեղ, փախի ու էլ չգաս ակցիաներին»,-վերհիշում է լրագրողը։

Գևորգ Թոսունյանի կարծիքով՝ իր նշած քաղաքացիական հագուստով անձինք ոստիկաններ են եղել, քանի որ բողոքի ակցիայի մասնակիցները «նման ագրեսիա» լրագրողի հանդեպ չէին կարող ցուցաբերել՝ «Նրանք ինձ ասում էին, որ այլևս չմասնակցեմ ակցիաների, իսկ ակտիվիստները լրագրողին դժվար նման բան ասեն»: Դատական բժիշկը լրագրողի թիկունքի հատվածում 3 վնասվածք է արձանագրել։ Չնայած ոստիկանություն ներկայացված բողոքին, լրագրողն ու նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը հույս չունեն, որ մեղավորները կպատժվեն։ Փաստաբանը հիշեցնում է նախկին համանման դեպքերը՝ մեկ տարի առաջ Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ակցիաների օրերին էլ որևէ ոստիկան չպատժվեց լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու և նրանց սարքերը վնասելու փաստերով։

«Այս օրերին շատ ագրեսիվ են ոստիկանները, շատ վստահորդներ ունեմ որ այս 5 օրերի ընթացքում նրանց ազատութունից ապօրինի զրկել են և այս ամենը տեղի է ունենում, այսպես կոչված՝ իրավական պետությունում, որը դարձել է այս օրերին բռնապետություն»,- ասում է Ղարագյոզյանը:

Լրագրող Թեհմինե Ենոքյանը ևս ակնկալիքներ չունի, թե իրավապահները կպատժեն իր գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին։ Պատմում է, որ հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանները խլել են իր տեսախցիկն ու ջնջել «կարևոր կադրեր»։ «Կհարուցվի մի մեծ քրեական գործ, որի շրջանակներում կքննվեն այս բոլոր դեպքերը: Հետո միգուցե կարճվեն այդ գործերը, միգուցե և սկսեն հակառակ պատժիչ գործողություններ իրականացնել և այսպես կլղոզեն մեծ գործի շրջանակներում փոքր այսպիսի միջադեպերը»,- կարծիք հայտնեց Թեհմինե Ենոքյանը։

Լրագրողը պատմեց, որ իր ընկերներից մեկը, ով իրեն օգնել է Սարի թաղի բնակիչների և ոստիկանների միջև բախման թեժ պահերին, նկարահանել է, թե ինչպես է ոստիկանը փորձում ատրճականը գրպանից հանել։ «Կադրում երևում է, որ ոստիկանները զենք են փորձել հանել, բայց տեսնելով, որ նկարահանվում են, այն տեղն են դրել: Նման կադրեր են ֆիքսված այդ տեսախցիկում։ Քանի որ վերջին վարկյանին ընկերս տեսավ, որ մի տղայի ոստիկանները ծեծում են, վազեց օգնի ու նկարահանի և ինքը հայտնվեց ոստիկանական շղթայի մեջ, որից հետո նրա ձեռքից վերցրեցին տեսախցիկն ու ջնջեցին ողջ նկարածը»,- շարունակեց Ենոքյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, անցած օրերին ոստիկանների գործողություններն ավելի ագրեսիվ էին, քան նախորդ ակցիաների ժամանակ։ Սաքունցը դա պայմանավորում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետևանքով գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելու հանգամանքով։ «Իհարկե, տրամաբանական է այդ հանգամանքով պայմանավորելը ոստիկանների առանձնակի դաժանությունը, այդ վենդետան, բայց պետք է մեկ բան արձանագրել՝ ոստիկանը չպետք է թույլ տա նման վարքագիծ»,- ասաց Սաքունցը։ Նա «խտրական» է գնահատեց քննչական մարմնի աշխատանքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ոստիկանների նկատմամբ բռնությունների մասով անմիջապես քրեական գործ հարուցվեց, մինչդեռ մինչ օրս լրագրողների և տասնյակ ցուցարարների ծեծի դեպքերը մնացել են անտեսված։

Լրագրողական կազմակերպությունների տվյալներով, վերջին օրերին բռնության է ենթարկվել 4 լրագրող։ Գևորգ Թոսունյանից և Թեհմինե Ենոքյանից բացի, ոստիկանները հարվածել են նաև «Ազատության» լրագրող Արտակ Համբարձումյանին և 4news.am կայքի թղթակից Արթուր Հայրապետյանին։ 9 կազմակերպություններ բաց նամակ են հղել՝ դատախազությունից պահանջելով քրեական գործեր հարուցել ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և ապօրինի ուժ կիրառելու փաստերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG