Մատչելիության հղումներ

Էրդողանի վարչակազմը թիրախավորել է երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների


Էրդողանի աջակիցների հանրահավաքը Անկարայում, 20-ը հուլիսի, 2016 թ․

Էրդողանի աջակիցների հանրահավաքը Անկարայում, 20-ը հուլիսի, 2016 թ․

ԵՄ-ն և Վաշինգտոնը Անկարային հորդորում են հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, թե Վաշինգտոնն Անկարային առաջարկում է հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համար իսլամիստ գործիչ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը: Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիան պատաստ է մասնակցել այդ հանձանաժողովի աշխատանքներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել է հուլիսի 15-ի զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: 75-ամյա կրոնական գործիչը, սակայն, դատապարտել է այդ գործողությունը և հերքել իր առնչությունը դրան: Անկարան օրերս պնդել էր, թե պաշտոնապես դիմելու է Միացյալ Նահանգներին՝ Գյուլենին արտահանձնելու պահանջով, սակայն, մինչ օրս Վաշինգտոնն այդ հարցով պաշտոնական դիմում չի ստացել: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե Վաշինգտնոը կքննարկի Գյուլենին հանձնելու խնդրանքը, եթե ներկայացվեն վերջինիս մեղքն ապացուցող համոզիչ հիմնավորումներ:

Թուրքիայում իրականացված հեղաշրջման անհաջող փորձից հետո, հուլիսի 16-ից ի վեր, «գյուլենական» համարվող մոտ 60 հազար մարդ է հայտնվել իշխանությունների թիրախում, նրանց մի մասը ձերբակալվել է, ընգրկվել տարբեր քրեական գործերում, շատերն էլ պաշտոնանկ են արվել: Նրանց թվում են բարձրաստիճան և շարքային զինծառայողներ, ոստիկաններ, դատավորներ, քաղծառայողներ, գիտության և կրթության ոլորտների բազմաթիվ աշխատակիցներ: Հուլիսի 21-ից Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել, ինչն էլ ավելի կուժեղացնի հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվողներին հետապնդելու պետական լծակները:

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հազարավոր մարդկանց ձերբակալությունների և հետապնդումների կապակցությաբ: «Մենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և մտահոգված ենք դրանցով »,- նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրամիության ընդարձակման հարցերով հանձանակատար Յոհաննես Հանի՝ հուլիսի 22-ի համատեղ հայտարարությունում: Նրանք, մասնավորապես, անընդունելի են համարել ուսուցիչների, դատավորների և լրագրողների թիրախավորումը, նշելով՝ Թուրքիան պետք է հարգի օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառայալ՝ արդար դատավարության հնարավորության՝ յուրաքանչյուրի իրավունքը:

ԵՄ-ի այս հայտարությանը հաջորդեց ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կոչը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցում Բայդենը հորդորեց հեղաշրջման փորձի մասնակցիների նախաքննությունը վարել «դեմոկրատական ինստիտուտների և օրենքի գերակայության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու» ճանապարհով:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում իրականացված հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով մոտ 300 մարդ է սպանվել, 1500-ը վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG