Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Թուրքիայի ՌՕՈւ-ին տարածքներ է փոխանցում


Ռազմական օդանավակայան Ադրբեջանում, արխիվ

Ռազմական օդանավակայան Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ադրբեջանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգտագործմանն է փոխանցում Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանի տերմինալը, ինչպես նաև որոշ տարածքներ Գիզիլ Շյարգ կոչվող զինվորական ավանում:

Լրատվամիջոցները հաղորդեցին, թե Թուրքիան Ադրբեջանում ռազմաօդային ռազմակայան է հիմնադրում:

Սակայն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը երեկ հերքեց այդ լուրերը՝ ասելով, թե դրանք հիմնազուրկ են և իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա բացատրությունների՝ թուրքական ռազմաօդային ուժերի տրանսպորտային օդանավերը արդեն ավելի քան 15 տարի օգտագործում են այդ օդանավակայանը՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո տեղափոխելով Ադրբեջանի խաղաղապահներին: Իսկ բնակելի շենքում թուրք օդաչուները հանգստանում են, և, ըստ նրա պարզաբանումների, Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով թուրքական կողմին վարձակալության են տրվում նրանց կողմից վաղուց օգտագործվող օբյեկտները:

Ռազմական հարցերով փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է, որ հիմա այդ օբյեկտները դիվանագիտորեն ամրագրված կարգավիճակ կունենան: Ջաֆարովը ևս նշել է, որ դրանց փոխանցումը թուրքական կողմին չի նշանակում ռազմակայան ստեղծել, քանի որ ռազմակայանի համար նախ պետք է փոխվի Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը հիմա բացառում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանի տեղակայումը, և երկրորդ՝ ռազմակայանը լրիվ փակ տարածք է, որը գտնվում է օտարերկրյա զինվորականների ինքնավար ղեկավարման տակ, իսկ տվյալ դեպքում Թուրքիային փոխանցված շենքը բնակելի թաղամասում է, տերմինալն էլ օդանավակայանի մի մասն է կազմում:

XS
SM
MD
LG