Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցում երեկվա իրադարձություններից հետո ես այնտեղ անելիք չունեմ․ Փաշինյան


Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից ու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ խոսակցություններից հետո իրեն «շատ քաղաքավարի ասվեց», որ չպետք է մարդկանց այնտեղ հրահանգներ տա:

«Ես էնտեղի պրոցեսները ո՛չ ղեկավարելու, ո՛չ կոորդինացնելու որևէ հավակնություն չունեմ: Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ուրեմն սրանից հետո ես Խորենացի փողոցում կլինեմ այն ժամանակ, երբ կա՛մ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն, կա՛մ ես էլ տեսնեմ, որ այնտեղ կա անելիք մեր քաղաքական ծրագրերի շրջանակում: Հակառակ դեպքում, էնտեղ երեկվա իրադարձություններից ու դրան հաջորդած մեկնաբանություններից հետո, ես կոնկրետ ինձ համար անելիք չեմ տեսնում», - ասաց պատգամավորը:

Փաշինյանն անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա բախումներից խուսափելու կոչ է արել: «Երբ երեկ մի քանի ժամ մարդիկ էին հայտնվում, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս ուղիղ եթերում, ինձ համար ակնհայտ էր, որ դա արվում է ոստիկանությանը գործելու առիթ տալու համար: Էնտեղ էին հայտնվել կասկածելի մարդիկ, մի քանի տեղ լոկալ ռազբորկաներ էին սկսել: Հիմա էստեղ հարց է՝ նույն «Հիմնադիր խորհրդարան»-ը կամ «Սասնա ծռեր» խումբը էդ ամեն ինչը դատապարտո՞ւմ է, թե՞ չի դատապարտում», - հարց բարձրացրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երեկ երեկոյան բախումներից առաջ իրեն է մոտեցել մի երիտասարդ և խնդրել է փոխանցել մեգաֆոնը, որպեսզի կարևոր հայտարարություն անի: «Ես զանգահարել եմ Պավել Մանուկյանին, նա ասել է, որ ես փոխանցեմ մեգաֆոնը այդ տղային: Պավել Մանուկյանի զանգից հետո, ինձ շատ քաղաքավարի ասվեց, որ ես չպետք է մարդկանց այդտեղ հրահանգներ տամ», - նշեց Փաշինյանը՝ հավելելով․ - «Մենք կգտնենք ձևը, որպեսզի մեզնից կախված ամեն ինչ անենք, որ ո՛չ Պավել Մանուկյանի, ո՛չ Վալերի Օսիպյանի գլխից մազ չպակասի»:

Իրեն «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը հուլիսի 17-ի առավոտյան գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ: Արյունահեղություն թույլ չտալու համար Խորենացի փողոցում՝ ոստիկանության կազմած արգելապատի մոտ, հուլիսի 18-ից ամեն երեկոյան ցուցարարներ են հավաքվում:

Հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, ցուցարարները քարեր և պլաստիկե շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Միջադեպից որոշ ժամանակ անց ցուցարարները սկսեցին աղբամաններից բարիկադներ կառուցել՝ Խորենացի փողոցում և դրան զուգահեռ Տիգրան Մեծ պողոտայի մի մասում: Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին, այնուհետև քանդեցին բարիկադները և վերականգնեցին երթևեկությունը Տիգրան Մեծ պողոտայում, ինչպես նաև Քրիստափոր-Խորենացի փողոցների խաչմերուկում:

XS
SM
MD
LG