Մատչելիության հղումներ

Մոսկվան չի բացառում Անկարայի միացումը ղարաբաղյան կարգավորմանը


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արխիվ

«Խոսքը կառուցողական ներդրման մասին է», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Զախարովան ասել է, թե դա կախված է կառուցողական ներդրում առաջարկելու հնարավորությունից:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը Թուրքիայի միանալու հարցին, ապա ինչպես այս կամ այլ կարգավորման, որևէ խաղաղ գործընթացի պարագայում, ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել հենց կառուցողական փոխգործողության տեսանկյունից: Եվ այստեղ ընդհանուր առմամբ խոսքը միայն Թուրքիայի մասին չէ․ եթե որևէ պետություն կարող է ինչ-որ բան ավելացնել այդ դրական գործընթացին, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց, կրկնում եմ, խոսքը կառուցողական ներդրման մասին է»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան:

Նա երեկ նաև հույս է հայտնել, որ ինտենսիվորեն ընթացող ղարաբաղյան բանակցությունների դինամիկան չի թուլանա․ - «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ղարաբաղյան կարգավորումը և այն լիցքը, որ դրան տրվել է այդ թվում ռուսական կողմի, Ռուսաստան բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, չպետք է կանգ առնի», - ասել է Զախարովան:

Երեկ ուշ երեկոյան Մարիա Զախարովան Ֆեյսբուքում կատարած գրառմամբ քննադատել է «Հայաստանից և Ադրբեջանից որոշ լրագրողների»՝ ճեպազրույցում իր պատասխանից «իբր ղարաբաղյան կարգավորմանը Անկարային միացնելու՝ Մոսկվայի ցանկության մասին սենսացիա մոդելավորելու» ցանկությունը:

«Ամոթ չէ՞: Այն էլ նման պահին, երբ իրոք կա առաջընթացի հասնելու հնարավորություն: Ինչո՞ւ եք դա անում: Մի՞թե այդքան տարիները և այդքան զոհերը փաստարկ չեն ի օգուտ պատասխանատու մոտեցման», - գրել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ «լուրեր հորինողների համար ևս մեկ անգամ կրկնելով»․ - «Կան գործող միջազգային մեխանիզմներ՝ կոչված զբաղվելու ղարաբաղյան կարգավորմամբ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Դրա հետ մեկտեղ, ոչ ոք չեղյալ չի հայտարարել երկկողմ շփումները <…>: Հարցը հանգում է նրան, թե որքանով կառուցողական դեր են խաղում կարգավորման գործընթացին մաս չկազմող երկրները՝ ջանալով աջակցել կարգավորմանը»:

XS
SM
MD
LG