ԱՄՆ-ի նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, ապա չի շտապի օգնել Բալթյան երկրներին այն դեպքում, եթե դրանք Ռուսաստանի կողմից ենթարկվեն հարձակման:
The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ այդ իրավիճակում ինքը նախ կվերլուծի, թե արդյո՞ք այդ երկրները կատարում են Ամերիկայի նկատմամբ ստանձնած իրենց պարտավորությունները:
Չնշելով կոնկրետ անուններ՝ Թրամփը ակնարկել է, որ «ՆԱՏՕ-ի որոշ անդամներ դաշինքին չեն աջակցում այնքան, որքան պետք է, Վաշինգտոնը պարտավոր չէ միայն իր ուսերին կրել ՆԱՏՕ-ի ֆինանսական բեռը»:
Վերլուծաբանները նշում են, որ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն «հարձակումը մեկ անդամ-երկրի վրա հավասարազոր է հարձակման ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա»:
Թրամփն ասել է, որ «այդ երկրները պետք է փոխեն իրենց մոտեցումները, և միայն դրանից հետո ինքը պատրաստ կլինի հավատարիմ մնալ գործող պայմանագրին»:
Թրամփի խոսքերով, «ԱՄՆ-ի դաշնակիցները պետք է դադարեն անվերջ օգտվել ԱՄՆ-ի մեծահոգությունից, պետք է իրենք վճարումներ կատարեն, քանի որ Ամերիկան այլևս չի կարող իրեն թույլ տալ ուրիշի փոխարեն ծախսեր անելու շռայլությունը»: