Մատչելիության հղումներ

Թուրքիան երեք ամսով սառեցնելու է Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները


Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ ձախողված հեղաշրջումից հետո երեք ամսով հայտարարված արտակարգ դրության ընթացքում Թուրքիան սառեցնելու է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

Քուրթուլմուշն ասել է, որ Թուրքիան գործում է ճիշտ Ֆրանսիայի օրինակով, որը կիրառել է կոնվենցիայի 15-րդ հոդվածը: «Այն թույլ է տալիս պատերազմի դեպքում կամ արտակարգ այլ վիճակներում սառեցնել որոշակի ազատությունները», - ասել է նա:

Ֆրանսիան արտակարգ դրություն է մտցրել ի պատասխան անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական հարձակման, որի հետևանքով զոհվել է 130 մարդ: Հետագայում արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարաձգվել է, այդ թվում այս ամիս Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչական գրոհի կապակցությամբ:

Այնուամենայնիվ, Թուրքիայում արտակարգ դրության հռչակումը մտահոգում է նախագահ Ռեջեփ Էրդողանի քննադատներին, ովքեր ենթադրում են, որ վարչակարգը կարող է ձախողված հեղաշրջման առիթն օգտագործել քաղաքական ընդդիմախոսներից վրեժխնդիր լինելու և իր անձնական իշխանությունը հզորացնելու նպատակով:

XS
SM
MD
LG