Մատչելիության հղումներ

Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը. ՌԴ ԱԳՆ


Մարիա Զախարովա, արխիվ

Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանության շենքի գրավումը և աջակցություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կատարած քայլերին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում հուլիսի 17-ին պարեկապահակային ծառայության գնդի շենքի գրավումը: Դա հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի մահվան: Մենք անընդունելի ենք համարում նման քրեական դրսևորումները, որոնք անմիջական սպառնալիք են հանրապետության քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը», - ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը թույլ կտան ամենակարճ ժամանակում կարգավորել իրավիճակը, ազատել պատանդներին, միջադեպի բազմակողմանի քննություն իրականացնել և պատժել մեղավորներին:

Իրեն «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը հուլիսի 17-ի առավոտյան գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ: Արյունահեղություն թույլ չտալու համար Խորենացի փողոցում՝ ոստիկանության կազմած արգելապատի մոտ, հուլիսի 18-ից ամեն երեկոյան ցուցարարներ են հավաքվում:

Հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, ցուցարարները քարեր և պլաստիկե շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Միջադեպից որոշ ժամանակ անց ցուցարարները սկսեցին աղբամաններից բարիկադներ կառուցել՝ Խորենացի փողոցում և դրան զուգահեռ Տիգրան Մեծ պողոտայի մի մասում: Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին, այնուհետև քանդեցին բարիկադները և վերականգնեցին երթևեկությունը Տիգրան Մեծ պողոտայում, ինչպես նաև Քրիստափոր-Խորենացի փողոցների խաչմերուկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG