Մատչելիության հղումներ

«Կրեմլը հավանաբար դասեր է քաղել ուկրաինական զարգացումներից և հասկացել, որ աջակցելով միայն իշխանություններին, կարող են կորցնել իրենց ազդեցությունն այդ երկրում»,- նշում են մոսկովյան որոշ փորձագետներ:

Ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև երեկվա բախումն ու առհասարակ՝ Էրեբունի թաղամասում ստեղծված իրավիճակով պայմանավորված զարգացումները: Առավել ուշագրավ են Կրեմլի կողմից վերահսկվող դաշնային հեռուստաընկերությունների անդրադարձները։

Եթե սոցիալական ցանցերում ռուսաստանցի օգտատերերն ու հատկապես փորձագետները Երևանի մասին գրելիս հաճախ են օգտագործում «երևանյան մայդան» արտահայտությունը, փորձագետներից ոմանք էլ անգամ «Արևմուտքի հետքն» են տեսնում Երևանում տեղի ունեցածի ետևում, ապա դաշնային հեռուստաընկերությունների ռեպորտաժները բավականին զուսպ են, ի համեմատ՝ 2014-ին ուկրաինական իրադարձությունների մասին հեռարձակվող հաղորդումների:

Օրինակ՝ «Վեստի»-ն «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչում է զինյալներ, НТВ-ն օգտագործում է «արմատական ընդդիմություն» և «զինված խմբավորում» ձևակերպումները: «Ահաբեկիչ» բառը նրանք չեն կիրառում: Ռուսաստանյան «Առաջին ալիքը» գիշերվա դեպքերի մասին իր ռեպորտաժում նշել է՝ «Հազարավոր մարդիկ դուրս էին եկել բողոքի խաղաղ ցույցի ...»:

Ռուսաստանցի փորձագետներն իրենց վերլուծական նյութերում գրում են՝ Կրեմլը հավանաբար դասեր է քաղել ուկրաինական զարգացումներից և հասկացել, որ այս դեպքում աջակցելով միայն Հայաստանի իշխանություններին, կարող են կորցնել իրենց ազդեցությունն այդ երկրում: Այսպիսի դիտարկում է արված «Քարնեգի» կենտրոնի մոսկովյան գրասենյակի հրապարակած հոդվածում:

XS
SM
MD
LG