Մատչելիության հղումներ

Միայն հինգ օր անց իշխանությունը խոսեց Էրեբունիում ստեղծված իրավիճակի մասին


Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, իր խոսքում չօգտագործեց «ահաբեկիչ» բառը:

Հինգերորդ օրն է Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է՝ պայմանավորված ՊՊԾ գնդի տարածքի գրավմամբ, և միայն այսօր երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ կատարվածի գնահատականով: Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, շարունակում է լռություն պահպանել:

Կառավարության այսօր կայացած նիստին վարչապետն իրավիճակը բնութագրեց որպես «խիստ մտահոգիչ»: Հատկանշական է, որ Աբրահամյանն իր խոսքում չօգտագործեց «ահաբեկիչներ» բառը: «Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցություն եմ հայտնում գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է և իշխանությունը ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության նիստից առաջ և հետո «Ազատությունը» փորձեց լսել գործադիրի այլ ներկայացուցիչների կարծիքը՝ Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ում հարազատ թաղամասում են, ի դեպ, զարգանում դրամատիկ իրադարձությունները, մտահոգ էր երևում: «Շուտ հանգուցալուծում լինի, շատ շուտ»,- միայն ասաց Բեգլարյանը:

Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն էլ «Սասնա ծռեր»-ին կոչ արեց հանձնվել՝ «Իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որպեսզի հանդուրժողականություն տիրի, ողջախոհությունը հաղթի և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը, և օր առաջ կայացնեն որոշում հանձնվելու մասին»:

Կառավարության նիստի որոշ մասնակիցներ էլ պարզապես հրաժարվեցին կարծիք հայտնել: Օրինակ, Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը խոստացավ տեսակետ հայտնել կառավարության նիստից հետո, սակայն, նրան այլևս չտեսանք: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ հարցը լսելուց հետո պարզապես լռեց:

Ամենաուշագրավը թերևս Գիտությունների ազգային ակադեմիայաի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի արձագանքն էր: Երբ 80-ամյա Մարտիրոսյանին հարցրեցինք՝ որպես ակադեմիայի նորընտիր նախագահ, ի՞նչ կասեք, դատապարտո՞ւմ եք «Սասնա ծռեր»-ի քայլը, նա պատասխանեց՝ «բոլորովին»: «Պետք է բանակցություններ վարել»,- միայն հավելեց Մարտիրոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով, արդեն հինգ օր շարունակվող ճգնաժամի ֆոնին բարձրագույն իշխանության լռությունը վկայում է, որ Հայաստանում քաղաքական իշխանության ինստիտուտները կաթվածահար են: «Այս վերջին տարիներին վարվող քաղաքականության հետևանքով իրենք [իշխանությունները] ի վիճակին չեն ինքնուրույն քայլեր ձեռնարկել: Իրենք արդեն քայքայված են որպես կառույցներ: Եվ այդ պատճառով, առանց հրահանգի, ասենք՝ Սերժ Սարգսյանի հրահանգի, ոչ ոք պատրաստ չի լուրջ հարցերի վերաբերյալ տեսակետ հայտնել: Սա այն դեպքն է, երբ ինստիտուտները չեն գործում»,- ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, Դանիելյանը նշեց՝ «Ի՞նչ է նշանակում՝ հարցը լուծել: Եթե ոմանք կարծում են, թե հարցը լուծելը կոնկրետ այս միջադեպը հանգուցալուծելն է, առանց զոհերի զորամասի գրավման մասին է խոսքը, ապա իմ կարծիքով՝ դա չէ խնդիրը, որովհետև այդ մարդիկ, որ մտել են զորամաս ու իրենց կյանքը վտանգի են ենթարկում, խնդիր են դրել: Դա քաղաքական լուրջ փոփոխություններ սկսելն է: Եվ եթե առանց այդ քայլերի փորձեն այս զորամասի խնդիրը հանգուցալուծել, իմ կարծիքով չի ստացվի: Եվ դրա համար պետք է շատ լուրջ ծրագիր ներկայացվի, ժամանակացույց, և դա պետք է լինի վստահելի հանրության համար: Հիմա այն մասին, թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը: Ես կարծում եմ՝ նա այս հարցերի պատասխանը չունի և ինքը պատրաստ չէ գնալ լուրջ քայլերի, դրա համար էլ լռում է»:

XS
SM
MD
LG