Մատչելիության հղումներ

Քրգործ` զանգվածային անկարգությունների առթիվ. ձերբակալվել է 16 անձ


Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Երևանի Խորենացի փողոցում, 20-ը հուլիսի, 2016թ․

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Երևանի Խորենացի փողոցում, 20-ը հուլիսի, 2016թ․

Քննչական կոմիտեի (ՔԿ) Երևանի քննչական վարչությունում Ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ, հաղորդում է ՔԿ-ն:

«Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը», - փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը», որով սահմանված է ազատազրկում` երեքից մինչև ութ տարի ժամկետով, «եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն»:

Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քննչական խմբին՝ ապահովել քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: Ներբեռնվել և ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ այսօր ժամը 8-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը ձերբակալվել են:

Քրեական գործով նախաքննությունը, ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG