Մատչելիության հղումներ

Անցած գիշերը Խորենացի փողոցում ամենալարվածն էր ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Երևան, Խորենացի փողոց, 21-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Երևան, Խորենացի փողոց, 21-ը հուլիսի, 2016թ․

Պայթուցիկներ, գազային նռնակներ, արցունքաբեր գազ Խորենացի փողոցում․ իրեն «Սասնա Ծռեր» անվանող զինված խմբի կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավումից հետո սա ամենալարված գիշերն էր, ավելին՝ տեղի ունեցածը թերևս վերջին տարիների ընթացքում ամենակոշտ և վտանգավոր բախումն էր ոստիկանների և ցուցարարների միջև:

Եթե անցած տարի «Էլեկտրիկ Երևան» բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենա էր օգտագործում Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների դեմ, այս գիշեր Խորենացի փողոցում պայթյուններ էին:

Փողոցի այն հատվածում, որտեղ երեք օր շարունակ ցուցարարները գիշերում էին և իրենց բողոքի ակցիան էին իրականացնում, այսօր առավոտյան որևէ ցուցարար չկա: Ժամը 4-ի սահմաններում ոստիկանությունը այս օրերի ընթացքում առաջին անգամ մոտեցավ ցուցարարներին և բարձրախոսով դիմեց՝ հայտարարելով, որ հավաքը հակաօրինական է, քանի որ նրանք խանգարում են նաև հարակից շենքի բնակիչների անդորրը, և հորդորեց լքել տարածքը՝ տալով 15 րոպե: Անցավ այդ ժամանակը, և ոստիկանության պատնեշը բացվեց ու մոտ 200 ոստիկաններ գրոհեցին ցուցարարների վրա՝ բերման ենթարկելով նրանց, հարվածներ հասցնելով, նաև հայհոյանքներ տեղալով: Թեև բարձրաստիճան ոստիկանները, այդ թվում՝ Հայաստանի փոխոստիկանապետը, պարբերաբար հորդորում էին չհարվածել, բայց ոստիկանները, այդուհանդերձ, հարվածում էին ցուցարարներին, առավել կոշտ հարվածներ էին հասցնում, երբ տեսախցիկներից դուրս էին, այսինքն՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, այնտեղ անգամ այնպիսի հարվածներ էին, որ կարծես թե ուշաթափություններ էին լինում:

Բացի ցուցարարներին բերման ենթարկելուց, առգրավում էին նաև նրանց ավտոմեքենաները, երեք ցուցարարի մեկ մեքենայից դուրս բերեցին և հետո այդ մեքենան քարշակով տարան այնտեղից:

Այդ ամբողջը տևեց մոտ 40 րոպե, այդ ժամանակահատվածում ոստիկանները ցուցարարներից ազատեցին փողոցը, բայց փողոցը չբացվեց, այնտեղ քննչական գործողություններ իրականացվեցին: Քննիչներն արձանագրում էին տարածքում գտնվող իրերը, առարկաները, մասնավորապես՝ առգրավվեցին «մոլոտովյան կոկտեյլի» նմանվող երեք-չորս շշեր․ ոստիկաններն ասացին, որ դրանք բենզինով լի շշեր էին, որոնք ցուցարարներն էին բերել: Այնտեղ կային նաև մահակներ: Այդ բոլորը քննիչների կողմից արձանագրելուց հետո միայն ոստիկանները, որոնք մինչ այդ շղթա էին կազմել, բացեցին ճանապարհը, եկան սանմաքրման աշխատակիցները և մաքրեցին փողոցը, ինչից հետո նաև ոստիկանները բավական թանկարժեք մոդելի մի մեքենա, որը գիշերվա ընթացքում պարբերաբար շրջում էր այդտեղ, և մեկ մոտոցիկլետ առգրավեցին:

Թերևս, ոստիկանության այս գործողությունները պայմանավորված էին երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններով: Ժամը 21-ի սահմաններում ցուցարարները ոստիկաններին պահանջ էին ներկայացնում, որպեսզի սնունդ մատակարարեն ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, տվեցին 30 րոպե ժամանակ, ոստիկանության կողմից որևէ արձագանք չեղավ, և հորդորելով կանանց ու լրագրողներին հեռանալ տարածքից՝ երիտասարդ ցուցարարները շարք կազմած գրոհեցին ոստիկանների ուղղությամբ: Մոտ հինգ րոպե բռունցքներով, ոտքերով հարվածելուց հետո նրանք նաև քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները շուրջ տասը րոպեի ընթացքում պարզապես վահաններով էին դիմադրում, բայց հետո նաև նրանք սկսեցին գրոհել՝ կիրառելով գազային, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, դա տևեց մոտ 10-15 րոպե:

XS
SM
MD
LG