Մատչելիության հղումներ

Հայր ու որդի Հովակիմյանները «սխալմամբ» հայտնվել են գրավված ՊՊԾ գնդի տարածքի մոտակայքում


Հայր ու որդի Հովակիմյաններն արդեն չորրորդ օրն է չեն կարողանում ոստիկանությունից հետ ստանալ իրենցից առգրավված իրերը՝ ավտոմեքենայի բանալիները, անձնագիրն բանկային քարտն ու անգամ մոտի գումարը:

35-ամյա Սերգեյ Հովակիմյանն «Ազատությանը» պատմեց՝ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրն առավոտյան համացանցից ստացած տեղեկատվությամբ որոշել են մասնակցել քաղաքացիների կազմակերպած ինքնաբուխ ակցիային: Հավաքի վայրը շփոթելով՝ գնացել են Էրեբունու ոստիկանական բաժանմունք, կարծելով, թե ակցիան այդ տարածքում է լինելու:

«Դիմացից մեկը ձեռքը գցած վզիցս՝ փորի վրա պառկած էի, քաշելով․․․ մենակ ասացի՝ Աստված ջան, չխեղդվեմ միամիտ», - պատմում է նա:

Երկու անչափահաս երեխաների հայրն ասում է՝ ոստիկաններն իրեն ծեծի ենթարկելիս պատառոտել էին տաբատը, մարմնին էլ դեռ կապտուկներ ու վերքեր կային: Նեղսրտեց՝ այդպես էլ չհասկացավ, թե ոստիկաններն իրեն ինչի՞ համար են շուրջ 12 ժամ ազատազրկված պահել, դաժանաբար ծեծել, առգրավել հեռախոսը, էլեկտրոնային կրիչը, տաբատի գոտին ու մեքենայի բանալիները: 35-ամյա Սերգեյի հայրը՝ Բորիս Հովակիմյանը, փորձել է ազատել որդուն ոստիկանների ձեռքից, բայց այդ ընթացքում իրեն էլ են ձեռնաշղթաներ հագցրել:

«Որ տեսա՝ ասացի՝ էս ի՞նչ եք անում: Ձեռքերիցս բռնեցին ու քարշ տալով ինձ տարան ներս: Ինձանից առգրավեցին հեռախոսը, անգամ գոտին հանեցին, կոպեկներս անգամ վերցրեցին, 9 հազար էլ գումար էր», - պատմում է Բորիս Հովակիմյանը:

Հովակիմյաններն այսօր դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Օմբուդսմեն Արման Թաթոյանն «Ազատությանն» ասաց՝ ծանոթ է դիմումին, հավելեց՝ ոստիկաններն իրավունք չունեին մարդու անձնագիրը վերցնել, այսօր գրություն են ուղարկել ոստիկանապետին՝ տեղի ունեցածի հիմքերը հասկանալու համար:

Թեպետ հայր ու որդի պնդում են, թե իրենք հավաքի վայրը շփոթելով են հայտնվել դեպքի վայրում, ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ նրանք բերման են ենթարկվել զենք-զինամթերք ու պայթուցիկ սարքեր պահելուն օժանդակելու կասկածանքով, իսկ կազմված նյութերն առգրավված իրերի հետ ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ ԱԱԾ:

Հովակիմյանների փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդում է՝ ողջ գործընթացը դատավարական նորմերի խախտումով է իրականացվել, փաստաբան չեն տրամադրել, պաշտպանյալներին չեն ներկայացրել իրենց իրավունքները, իսկ ստացված ցուցմունքն էլ հետագայում չի կարող հիմք համարվել, որովհետև Հովակիմյանն այն գրել է էմոցիոնալ ծանր վիճակում:

«Ես պատրաստվում եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին՝ նրան ազատությունից ապօրինի զրկելու և նրան ծեծի ենթարկելու փաստով: Դրանից բացի, նրանց անձնական իրերն են առգրավել, իմ պաշտպանյալի անձնագիրն են վերցրել: Ես դա դիտարկում եմ որպես ոստիկանների կողմից լիազորությունների անցում», - նշեց փաստաբանը:

Ղարագյոզյանն ասաց՝ ՄԻՊ-ի հետ հույսեր չի կապում, չի վստահում նաև իրավապահ մարմինների ու դատական ատյանների անաչառությանը: ՄԻՊ-ի գրասենյակը հուլիսի 17-18-ը 40 ահազանգ է ստացել, ոստիկանությունը չի հայտարարում բերման ենթարկվածների հստակ թիվ, իսկ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին՝ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական գործ դեռ չկա հարուցված՝ նյութերն ուսումնասիրվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG