Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու


Հանրապետական Դոլանդ Թրամփը կուսակցության համագումարում հաստատվել է նախագահության թեկնածու, Քլիվլենդ, 19 հուլիսի, 2016թ.

Հանրապետական Դոլանդ Թրամփը կուսակցության համագումարում հաստատվել է նախագահության թեկնածու, Քլիվլենդ, 19 հուլիսի, 2016թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետականները Քլիվլենդում ընթացող համագումարում հաստատել են նախագահի և փոխնախագահի թեկնածուներին: Համագումարի ընդունած որոշման մասին ուղերձով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հանրապետականների նախագահության և փոխնախագահության թեկնածուներն են Դոնալդ Թրամփը և Մայքլ Փենսը», - ասել է Ռայանը:

Այսպիսով՝ միլիարդատեր, շինարարության բիզնեսում ազդեցիկ դեր ունեցող և ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում աղմկահարույց տեսակետներ արտահայտող 70-ամյա Թրամփը և Ինդիանայի 57-ամյա նահանգապետ Փենսը նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում պայքարելու են գործադիր իշխանության բարձրագույն երկու պաշտոնի համար:

Ենթադրվում է, որ վաղը Թրամփն ի պաշտոնե կհայտարարի առաջադրման որոշումն ընդունելու մասին և հանդես կգա ծավալուն ելույթով:

Փոխնախագահի թեկնածուն երեկ ասել է, որ թեկնածու առաջադրվելն իր համար մեծ պատիվ է:

«Եկել է միավորվելու ժամանակը, այս լավ մարդու՝ Թրամփի շուրջ միավորվելու ժամանակը: Ճշմարտությունն այն է, որ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի օրակարգը թուլացրել են Ամերիկայի դիրքն աշխարհում և խեղդել են մեր տնտեսությունը», - ասել է Փենսը:

Թրամփի քաղաքական հայտարարությունների զգալի մասը վերլուծաբանները պոպուլիզմ են համարում: Իր նախընտրական ելույթներում նա, օրինակ, առաջարկել է արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ, պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, իսկ կանանց հասցեին նրա որոշ մեկնաբանություններ աղաղակող և վիրավորական են որակել նույնիսկ հանրապետական կուսակցության անվանի դեմքերը, այդ թվում նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը:

Թրամփի մրցակիցը կլինի նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Դեմոկրատների ազգային համագումարը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ֆիլադելֆիայում:

Քլիվլենդում երեկվանից համագումարի հավաքված հանրապետականները չեն թաքցրել իրենց ծայրաստիճան բացասական վերաբերմունքը մրցակից կուսակցության հավանական թեկնածուի նկատմամբ և նույնիսկ պահանջում են բանտարկել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG