Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Իշխանության լռությունը վկայում է պետական համակարգի «խորը ճգնաժամի» մասին


Երևան, Ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածք, 19-ը հուլիսի, 2016 թ․
Երևան, Ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածք, 19-ը հուլիսի, 2016 թ․

Արդեն չորրորդ օրն է՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմանն ու դրան հաջորդած զարգացումներին:

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով, լռություն պահպանելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացիորեն կատարում է զինված խմբի պահանջներից մեկը՝ կապված իր հրաժարականի հետ: «Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ «Սասնա Ծռեր» խմբի հիմնական պահանջին՝ հրաժարական տալ, նա սկսել է իր հրաժարականի գործընթացը, որովհետև եթե որևէ երկրում այսպիսի դեպք լիներ, նախագահն անմիջապես պիտի ասպարեզում երևար, եթե ինքն իրեն նախագահ է համարում: Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի հրաժարականի ընդսունումն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

Իշխանության երկարատև լռությունը վկայում է, որ պետական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, «Ազատության» հետ զրույցում առավելապես այս կարծիքն էին հնչեցնում քաղաքական վերլուծաբանները: Մասնավորապես, Միքայել Զոլյանի կարծիքով՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը բավականին լուրջ է՝ իշխանությունները պարզապես չգիտեն, թե ինչ ասեն և մտավախություն ունեն, որ ցանկացած արձագանքի դեպքում իրավիճակը կվատթարանա: «Եթե նրանց մեսիջը լինի ավելի ագրեսիվ, որ պետք է խփենք, ճնշենք և այլն, դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ, կարող է ավելի ուժեղացնել դժգոհությունը իշխանության հանդեպ և հակառակը՝ ուժեղացնել աջակցությունը՝ զինված խմբին: Եթե նրանք [իշխանությունները] ավելի փոխզիջումային, խաղաղասեր տարբերակով փորձեն այդ մեսիջը ձևակերպել, ապա դա ևս կարող է իրենց վնասել, քանի որ կստեղծվի տպավորոթւյուն, թե նրանք թույլ են և ի վիճակի չեն այս հարցը ուժով լուծելու, ինչն ավտորիտար համակագի համար շատ վտանգավոր է»,- ասաց Միքայել Զոլյանը:

Իշխանությունը երբեք էլ հասարկությանը հաշվետու չի եղել՝ հատկապես երկրի համար բարդ իրավիճակներում, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, հավելելով՝ «Մինչ հանրությունը հարցնում է՝ որտե՞ղ է երկրի նախագահը, իշխանությունները փորձում են գնահատել վտանգի չափն ու ստուգում հասարակության տրամադրությունները: Կարծում եմ՝ իրենց համար էլ հստակ չէ տեղի ունեցածն ամբողջ մասշտաբով, իրենք էլ չգիտեն՝ ինչի հետ գործ ունեն և, բնականաբար, ոչ ոք չի ուզում հրապարակավ որևէ պատասխանատվություն ստանձնել»:

Մինչդեռ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ իշխանությունները հենց լռության պայմաներում պետք է գործեն՝ իրադարձությունների արյունալի ընթացքից խուսափելու համար: Ըստ Իսկանդարյանի, իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարություն չի անի այնքան ժամանակ, քանի դեռ խմբի հետ բանակցություններ են ընթանում: «Ոստիկանությունը հայտարարություններ է անում: Եվ ես կասկածում եմ, որ ոչ այնքան բարձր լեգիտիմություն ունեցող նախագահի կամ Հանրապետական կուսակցության հայտարարությունը կկարողնա հանգստացնել իրավիճակը, հանդարտեցնել կրքերը»,- ասաց Իսկանդարյանը:

Նույն տրամաբանությամբ, այսօր հասարակությունը «չի տեսնում նաև ընդդիմությանը»,- շեշտում են «Ազատության» զրուցակիցները: Միքայել Զոլյանի խոսքով՝ տպավորություն կա, թե Հայաստանում միակ պաշտոնյան այս օրերին միջնորդի կարգավիճակում հայտնված՝ ընդդիամդիր պատգամվոր Նիկոլ Փաշինյանն է, մինչդեռ, 2017 թ․ խորհրդանական ընտրություններին ընդառաջ՝ շատերը պետք է այսօր փողոցում կանգնած մարդկանց կողքին լինեին՝ շահելու նրանց վստահությունը: Հակոբ Բադալյանն էլ ասում է՝ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես գիտակցում են, որ իրենց խոսքն այլևս կորցրել է արժեքը: «Հեղինակության առումով մեծ հաշվով արդեն ընդդիմություն-իշխանություն տարբերությունը վերացել է բավական վաղուց, և կարծում էմ՝ իրենք էլ հասկանում են, որ տվյալ իրավիճակում իրենց անելիքներն արդեն խիստ սահմանափակ են, որովհետև իրենց խոսքը որևէ արժեք չի ունենալու»,- նշում է Հակոբ Բադալյանը:

«Այս ամենով հանդերձ, ստեղծված վիճակը երկար շարունակվել չի կարող»,- ասում է Միքայել Զոլյանը, ընդգծելով՝ միջադեպը, որ երեկ երեկոյան տեղի ունեցավ Սարի թաղում, նույնպես իշխանության լռության և անգործության հետևանքն է: «Սա գալիս է պետական համակարգի ճգնաժամից, այդ համակարգը չի կարողանում արձագանքել եղած մարտահրավերներին, մյուս կողմից՝ չկա նաև ընդդիմություն, որը եղած դժգոհությունը կուղղեր քաղաքակիրթ բողոքի ուղղությամբ»,- ընդգծեց Միքայել Զոլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG