Մատչելիության հղումներ

Սարի թաղի բախումների գործով մեկ անձ ձերբակալվել է


Բախումները Սարի թաղում, Երևան, 19-ը հուլիսի, 2016թ․

Բախումները Սարի թաղում, Երևան, 19-ը հուլիսի, 2016թ․

Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ երեկ երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է մեկ անձ։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը»՝ Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ. Թորոսյանը»:

ՔԿ-ն հիշեցնում է այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունը՝ «Հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից, ովքեր ճանաչվել են տուժող»։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով պարբերաբար տեղեկություններ տրամադրել քրգործով կայացվող դատավարական որոշումների մասին։

XS
SM
MD
LG